Իմ հայտարարությամբ ես դատապարտել եմ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձը և այդ խափանման գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմված «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո իր արձագանքին։
Բաթոյանի խոսքով՝ սա կարևոր է այն կազմակերպությունների համար, որոնք շատ հաճախ իրականացնում են պետության գործառույթը: «Այսօր սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները պետությունը որևէ կերպ չի ֆինանսավորում, չկա նման ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթարկված երեխաներին կամ անձանց: Արդյոք ճի՞շտ եք համարում սա, թե՞ ոչ: Եվ ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարևորել այս կազմակերպության աշխատանքը և, ընդհանրապես, շնորհակալություն հայտնել այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրականացնել և շարունակում են իրականացնել պետության գործառույթները, որովհետև բոլորս գիտենք, որ մեր ռեսուրսներն անսահմանափակ չեն, և մենք որևէ կերպ աջակցություն չենք ցուցաբերում ո՛չ ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններին, ո՛չ սեռական բռնության բռնության ենթարկված անձանց»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ այդ ընկերության հետ զուտ գործընկերային հարաբերություններ են՝ պնդելով, որ այլասերվածության ուղղված որևէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկա:
«Մարդիկ կուզեն՝ կկարդան, չեն ուզի՝ չեն կարդա, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում իր երեխային ինչպես պաշտպանել, դաստիարակել: Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ, և ես զերծ եմ մնում որևէ գնահատական տալուց»,- ասաց Բաթոյանը:
Հարցին, թե դժգոհություններ են հնչել, որ պետական մակարդակով, ի դեմս նախարարի, պաշտպանվեց այդ գիրքը, Բաթոյանն ասաց. «Ես գիրքը չեմ պաշտպանել, ես պաշտպանում եմ Հայաստանում ՀԿ-ի գործունեության իրավունքը, որն ուղղված է երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելուն: Մեր նախարարությունը գրքերի տպագրության իմաստով դերակատարում չունի, դա այլ ոլորտ է»: