տուն Լուրեր Ես էլ չեմ ցանկանա, որ իմ երեխան նման երեխայի հետ սովորի. Արմեն...

Ես էլ չեմ ցանկանա, որ իմ երեխան նման երեխայի հետ սովորի. Արմեն Ալավերդյան

182
0

kariq

2010 թվականից ի վեր Հայաստանը վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որից հետո հանրապետության որոշ դպրոցներում ներդրվել է ներառական կրթության ծրագիրը: Այսօր Հայաստանում գործում է շուրջ 140 ներառական դպրոց, մինչդեռ ըստ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանիˋ վերը նշված դպրոցներից ոչ մեկը լիարժեք հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Araratnews.am-ի հետ զրույցում Ալավերդյանն ընդգծեց, որ խնդիրը ոչ միայն ֆիզիկական մատչելիության մասին է, այլև վերաբերմունքի: «Շատ դպրոցներում չկան համապատասխան թեքհարթակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, չկան նաև համապատասխան սանհանգույցներ և դասասեղաններ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է երեխաների ադապտացմանը, ապա բանախոսն նշեց, որ երեխաների համար հաճախ դժվար է լինում ադապտացվել, որովհետև համապատասխան մոտեցում նախ մեծերի կողմից չի ցուցաբերվում: Մեր զրուցակիցը կարևորեց հատկապես հոգեբանի գործոնը, ով պետք է աշխատի  ինչպես հաշմանդամություն ունեցող երեխաների, այնպես էլ մնացած աշակերտների հետ, որպեսզի մնացած երեխաները ևս չճնշվեն դասապրոցեսի ընթացքում:

Նկատենք, որ ներառական դպրոցներում խնդիրը ոչ միայն վերաբերմունքի մեջ է, այլև դասի մատուցման ձևի: Այսպես, խոսքի զարգացման խնդիրներ ունեցող երեխաները հաճախ դժվար են ըմբռնում դասը: Մեր զրուցակիցն առաջարկում է ծրագիրն այնպես կազմել, որպեսզի այն հնարավոր լինի հարմարեցնել երեխաներին: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք այս դեպքում չե՞ն տուժի մնացած աշակերտները և հետ կմնան ծրագրից՝ Ալավերդյանը պատասխանեց.

«Իհարկե սխալ կլինի ամբողջ ծրագիրը հարմարեցնել միայն երեխաների մի խմբին: Հարմարեցումները պետք է ողջամիտ լինեն: Ուսուցիչը աշխատում է նույն ծրագրով, բայց այդ երեխաներին տրվում են որոշակի արտոնություններ»:

Կազմակերպության հանրային կապերի ղեկավար Մարիանա Չալիկյանն էլ այս խնդրին այլ լուծում է առաջարկում:  Ըստ մեր զրուցակցիˋ նման խնդիրներ ի հայտ չէին գա, եթե դասարաններում աշակերտների թիվը չգերազանցեր 15-ը: Մեր զրուցակին ընդգծեցˋ սա օպտիմալ քանակ է յուրաքանչյուր երեխային հավասարաչափ ուշադրություն դարձնելու համար:

Հիշեցնենք, որ այսօր մենք նաև զրուցել էինք ծնողների հետ, ում երեխաները սովորում են ներառական ծրագրին միացած դպրոցներում: Նրանցից շատերը մտավախություն էին հայտնել իրենց երեխաների՝ այս ծրագրում սովորելու կապակցությամբ: Ծնողներից մեկը հատկապես շեշտեց, որ ինքը դեմ է, որպեսզի իր երեխաները սովորեն այս ծրագրով, հատկապես եթե դասարանում էպիլեպսիայով հիվանդ երեխաներ կան:

«Գիտեք, ես էլ չեմ ցանկանա, որ իմ երեխան նման երեխայի հետ սովորի, բայց սա չի նշանակում, որ այս երեխաները պետք է դուրս մնան կրթական ծրագրից: Եղել են չէ դեպքեր, որ լիակատար առողջ երեխան վատ է զգացել: Իսկ էպիլեպսիայով հիվանդների դեպքում կարևոր է համապատասխան մոտեցում, ի վերջո կան կանխարգելիչ դեղեր, որոնք ժամանակին ընդունելու դեպքում հնարավոր կլինի խուսափել նոպաներից: Բացի այդ էլ ոսկե վանդակում երեխային մեծացնելն անհնար է»,-նշեց Ալավերդյանը:

Սա իսկապես ցավոտ թեմա է: Հասարակությանն ինտեգրվելու համար երեխային անհրաժեշտ է շփվել իր տարիքի այլ երեխաների հետ և հաճախել դպրոցներ, բայց մյուս կողմից մեր կարծիքով ճիշտ չէ դպրոցի մոտեցումը, երբ երեխաները միաժամանակ են հաճախում դասերի: Պետք է  ընդունել, որ այսօր ներառական կոչված դպրոցը պայմանական է և երեխաները, ովքեր ընդգրկված են այս ծրագրերում հաճախ դուրս են մնում ուսումնական պրոցեսից, որովհետև նրանք հաճախ անտեսվում են հենց ուսուցչի կողմից, քանի որ վերջինս չի կարող ամբողջ դասաժամի ընթացքում ուշադրությունը միայն այս երեխաների վրա սևեռել:

Կարծում ենքˋ ավելի նպատակահարմար կլիներ, եթե հաշմանդամություն ունեցող երեխաները սովորեին ներառական դպրոցներումˋ առանձին դասաժամերով և ունենային որոշ դասաժամեր ընդհանուր դասարանի հետ: Այս դասաժամերը կարող են ուղեկցվել հոգեբանի ուղղորդությամբ, ով կհետևի որպեսզի երեխանները երկկողմանի կարողանան ադապտացվել միմյանց:

 

Վարդուհի Ստեփանյան