ՀՀ Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախկին նախարար Արմեն Աշոտյանի թանկարժեք մեքենայից հրաժարվելու փաստին, որը երիտհանրապետականները որակել էին որպես չստացված PR, ասաց, թե ինքը PR-ով չի զբաղվում: «Ես ընդհանրապես PR-ով չեմ զբաղվում, եւ դրա համար չէ, որ եկել եմ այստեղ, ինչ որ անում եմ՝ կրթական ոլորտին է վերաբերում»,- ասաց Մկրտչյանը, խորհուրդ տալով լրագրողներին իր քայլերը չորակել որպես PR:
Լեւոն Մկրտչյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ են ասել երիտհանրապետականները: Նա հիմա երթեւեկում է Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմին հատկացված մեքենայով, ինչից չի պատրաստվում հրաժարվել: «Ինչի պետք է հրաժարվեմ»,- ասաց նա:
Լեւոն Մկրտչյանն անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին նշեց, որ առաջիկա օրերին կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին: Նա միայն ասաց, որ առաջիկայում մշակելու է ծրագիր, համաձայն, որի յուրաքանչյուր շաբաթ անակընկալ կերպով այցելելու է այս կամ այն կրթական հասատատություն, ստուգելու՝ թե ինչ խնդիրներ կան: