տուն Լուրեր Ես ձեր ո’չ մարզպետներով եմ հիացած, ո’չ էլ քաղաքապետներով. Նիկոլ Փաշինյանը՝ Վաչե...

Ես ձեր ո’չ մարզպետներով եմ հիացած, ո’չ էլ քաղաքապետներով. Նիկոլ Փաշինյանը՝ Վաչե Տերտերյանին

169
0

00+ նիկոլ-փաշինյան1

ԱԺ-ում այժմ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծերի փաթեթի քննարկումն է տեղի ունենում: Հիմնական զեկուցող  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին հարց ուղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը զարմացած է, որ որևէ պետության մեջ կարող է օրենքի այսպիսի նախագիծ լինել: Ըստ այս օրենքի նախագծի, Դիլիջան քաղաքում ստեղծվելու է  մի մարմին, որը քաղաքի կառավարման համակարգը գցելու է մի կողմ: Ավագանուն ու քաղաքապետին պատանդի կարգավիճակով տալու են այդ մարմնին, որ նրանց օգտագործի այնպես ինչպես ցանկանում է: Սա հակապետական օրենքի նախագիծ է:

Պատգամավորն իր կարծիքը հայտնեց, որ սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը, որպես կալվածք, Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին, ինչպես որ Աբովյան քաղաքը տվել են Գագիկ Ծառուկյանին, Մալաթիա Սեբաստիան տվել են Սամվել Ալեքսանյանին, Արտաշատը՝  Հովիկ Աբրահամյանին և նրա ընտանիքին, Սյունիքը տվել են Սուրիկ Խաչատրյանին:

Նիկոլ Փաշինյանը առաջարկեց հիմնական զեկուցողին գնապիտակներ դնել Հայաստանի բոլոր գյուղերի ու քաղաքների վրա՝ ըստ դրանց վրա կատարված ներդրումների: «Վերջում էլ Հայաստանի վրա մի հատ բանտիկ կպցնեք ու ասեք ներդնող չկա՞, գնող չկա՞: Մի հատ էլ լուրջ դեմքով նստել ու քննարկում ենք այս նախագիծը: Ամոթ է ուղղակի»:

Պատգամավորին ի պատասխան՝  Վաչե Տերտերյանը հայտնեց, որ այս նախագիծը նորություն չէ, հեծանիվ չի, որ փորձարկեն: Այն վաղուց բոլոր առաջադեմ երկրներում կիրառվել է: Ներդրումային ծրագրերին անդրադառնալով՝ Վաչէ Տերտերյանը հայտնեց, որ այս ծրագրի իրականացման դեպքում կխթանվի ներդրումերի քանակը թե Դիլիջանում, թե ՀՀ մյուս տարածքներում:

Նիկոլ Փաշինյանը իր մտահոգությունը հայտնեց ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ասելով, որ երկիրը կտոր-կտոր հանել են վաճառքի: «Ես ձեր ոչ մարզպետներով եմ հիացած, ոչ էլ քաղաքապետներով: Նրանք մասսայաբար ենթակա են պաշտոնանկության: Բայց սա չի նշանակում, որ երկիրը հասցնելով կործանման՝ պիտի կտոր-կտոր վաճառեք»,- մասնավորապես շեշտեց պատգամավորը:

Վաչե Տերտերյանն, ի պատասխան պատգամավորի, հայտնեց, որ չի կարելի նշել մի բան, որը իրականում չկա:

Արևիկ Նահապետյան