«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հազարավոր արձագանքների համար, որոնք աշխատանքիս գնահատականն են: Իհարկե եղան նաև քննադատություններ, բնական է՝ քաղաքական գործչի մասին անգամ լավը չեն խոսում, եթե բոլորիցս հեռու նա մահացել է, ես չեմ մահացել և չեմ մահանալու քաղաքական դաշտում տեսանելի ապագայում, իհարկե, Տիրոջ կամքով»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով իր պաշտոնաթողության մասին, ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի կարծիքով միշտ պետք է պատրաստ լինել քաղաքական գործընթացների շրջանակներում նոր էջ բացելուն:
«Ես այդ էջը իմ թիմով, աշխատանքով այս յոթ տարիների ընթացքում բավականին խիտ եմ գրել, և այդ էջը բավականին ծանր է իր աշխատանքային ծավալի իմաստով, սակայն թերթել հարկավոր էր, և ես քաղաքական գործընթացների շրջանակներում այդ էջը թերթել եմ հոգեբանորեն, իրավաբանորեն՝ ոչ, որովհետև դեռ նախարար եմ»,- ընդգծեց պարոն Աշոտյանը:
Հարցին՝ նեղացած չէ՞ դաշնակներից, նախարարն ասաց. «Ես դաշնակցության մեջ ունեմ շատ ընկերներ: 2009 թվականին, երբ ստանձնեցի պորտֆելը Սպարտակ Սեյրանյանից, մենք բազմիցս իր հետ հանդիպել, աշխատել ենք սահուն փոխանցում կատարել: Համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատկանելությունը նշանակություն կարող է ունենալ դետալների մեջ»: