ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ երեկ իր տված հարցազրույցներին հետեւած որեւէ քիչ թե շատ ուղեղ ունեցող, մտածող մարդ եզրակացություն չէր կարող անել, թե ինքը կողմ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տարածքների հանձնմանը: Այս մասին, այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց ինքը՝ Վարդանյանը:
Նշենք, որ «Ա1+»-ին տված հարցազրույցում Աղվան Վարդանյանն ասել էր. «Կարող է խաղաղության այնպիսի երկարատեւ համաձայնագիր լինի, որ տարածաշրջանում կայունություն առաջանա եւ նորմալ ապրեն հարեւանությամբ երկրները. մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել, սակայն խոսքը երկարատեւ խաղաղության մասին է եւ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու մասին»:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարության համար իրեն սոցցանցերում քննադատողներին՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Ես չեմ հետեւում, թե ինչ զառանցանքներ են եղել սոցցանցերում: Գիտեք, կա «անասնական վախ» բառակապակցություն, հասկացություն, կա անասնական հակադաշնակցականություն: Ցավոք նույնիսկ այս օրերին, երբ որ մեր բոլորի մտահոգությունը, սեւեռումը նույն կետին է, եւ կատարվում են բացառիկ համախմբման երեւույթներ, մարդկանց մի տեսակ կա, որոնք ցանկացած բառ, բառակապակցություն կարող են կոնտեքստից հանել եւ այնպիսի գնահատկաններ տան… ես այդ տեսակ անասնակերպերին ասելիք չունեմ, ես չեմ ուզում դրան անդրադառնամ»:
Մանրամասները՝ տեսանյութում: