Այսօր խորհրդարանում ամփոփվել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` արդեն երկրորդ խորհրդարանական քառօրյայի ընթացքում ներկայացվող 2014թ. հաշվետվության քննարկումը: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ամփոփելով քննարկումն, ասաց, որ դեռևս կան բավական լուրջ չլուծված խնդիրներ. հատկապես` դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության հարցում:
«Պետք չէ զարմանալ, թե ինչու է այս քննարկումն անցնում նման բուռն մթնոլորտում: Մեր երկրում կա արդարության դեֆիցիտի խնդիր: Մի երկրում, որտեղ 1 միլիոնից ավել աղքատություն կա, ժողովուրդն առաջին հերթին խոսում է դատական համակարգում կոռուպցիայի մասին: Նրանք խոսում են այն մասին, որ սովորական քաղաքացին չի դիմում դատարան` առաջնորդվելով «շառից ու փորձանքից հեռու» սկզբունքով»,- իր խոսքում ասաց պատգամավորը:
Զոհրաբյանը չի հավատում մեկ անձի «փրկչային» կարողությանը. նա իրեն իրատես քաղաքական գործիչ է համարում:
«Մեր երկրում կան արտոնյալ մարդիկ, ովքեր վեր են ցանկացած օրենքից և ցանկացած սահմանադրությունից: Եթե մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարող են մարդ սպանել, երեխայի աչք հանել, հետո դա բացատրել ընտանեկան խոհարարական, կուլինարական կուլտով` առ կանեփը, բնական է, որևէ միսիա իրականացնել նման համակարգում հնարավոր չէ»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց, թե այստեղ խնդիրը խաղի կանոններն են, որ պիտի հստակեցվեն և համակարգային լրջագույն փոփոխություններն են, որ պիտի արվեն: