տուն Լուրեր Ես չեմ ընդունում խոպանչի բառը. Միքայել Մելքումյան

Ես չեմ ընդունում խոպանչի բառը. Միքայել Մելքումյան

89
0

միքայել-մելքումյան

Հարկային օրենսդրության փոփոխությունները ոչ թե միգրանտներին են վերաբերում, այլ ՀՀ այն ռեզիդենտ կազմակերպություններին, որոնք ձևավորվել են Հայաստանում և գրանցված են այստեղ. նրանց կենսական շահը ևս գտնվում է այստեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վարդան Այվազյանը:

«Երկկողմանի հարկման մեխանիզմները բացառելու համար օրենսդրությունը թույլ է տալիս եկամտահարկն ու շահութահարկը վճարել մեր երկրում: ԵՏՄ-ն մի շարք հնարավորություններ է տալիս, այլ հարց է՝ կարող ենք դրանք օգտագործել, թե ոչ: Բացի այդ, որևէ մեկի վրա պարտադրվածություն չկա. յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում վճարել այստեղ, թե դրսում: Մենք որևէ մեկին չենք կարող պարտադրել»,- ասաց պատգամավորը:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ օրինագծի ընդունման շուրջ եղած տարըմբռնումները դիտարկեց որպես Կառավարության թերացում: Պատգամավորը շեշտեց, որ Կառավարությունը օրենքը ներկայացնելուց չուներ մի շարք հարցերի պատասխաներ, ինչը խոչընդոտեց դրա ընկալմանը:

«Ես չեմ ընդունում խոպանչի բառը և, առհասարակ, օրենքը չի վերաբերում մեր արտագնա քաղաքացիներին, որոնք դրսում են աշխատում: Օրենքը բերելուց պետք է սպասումներ արձանագրել, որի վրա էլ պետք է հիմնված լինի օրենքը: Ես հասկանում եմ, որ քաղաքացիների մոտ մտահոգություն է առաջանում սոցվճարների հետ կապված, քանի որ դրսում նրանք սոցվճարների համար չեն վճարում»,- նկատեց Մելքումյանը:

Անդրադառնալով այն տեսակետին, որ օրենքը արտագաղթի պատճառ կարող է դառնալ՝ Մելքումյանը նշեց՝ այն մարդիկ, ովքեր աշխատում են դրսում, մեկ է՝ պետք է աշխատեին դրսում, իսկ եթե կա արտագաղթի վտանգ, ապա այս մասին պետք է Կառավարությունը մտահոգվի:

 

Վարդուհի Ստեփանյան