տուն Լուրեր Ես Աթեշյանին չեմ պաշտպանում, պաշտպանում եմ պատրիարքության դիրքը.Կոմիտաս վարդապետ

Ես Աթեշյանին չեմ պաշտպանում, պաշտպանում եմ պատրիարքության դիրքը.Կոմիտաս վարդապետ

139
0

komitas

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ինքը չի պաշտպանում, այլ պաշտպանում  է պատրիարքության դիրքը: Հիշեցնենք՝ Աթեշյանը Թուրքիայի նախագահին ուղղված նամակում ափսոսանք էր հայտնել Բունդեսթագի հայտնի բանաձևի առնչությամբ:

«Եթե Աթեշյանը լիներ պարզ անձ, մենք բոլորս, թերեւս, իրեն կդատապարտեինք, բայց երբ խոսքը գնում է մի ամբողջ կառույցի ղեկավարի մասին, որը պատասխանատվություն ունի ինչ-որ տեղ իր հայտարարությամբ օգնելու կամ վնասելու 60 000 հայ համայնքի, հետևաբար, ինքը չի կարող հակաթուրքական ինչ որ կեցվածք որդեգրել: Թուրքական կառավարությունն ամեն անգամ օգտագործել է հայոց պատրիարքներին: Շատերն ասում են՝ թող ինքը լռեր այնպես, ինչպես ժամանակին լռում էր Շնորք պատրիարքը: Շնորք պատրիարքը եղեռնից մազապուրծ եղած որբուկներից մեկն էր, եւ նրա մայրը դարձել էր մահմեդական եւ ամուսնացել թուրքի հետ: Շնորք պատրիարքի խորթ հորից ծնված եղբայրը մահմեդականների պատասխանատուն էր, այսինքն՝ ինքն ասաց՝ եղեռնի մասին չի կարող ոչինիչ ասել, եղե՞լ, թե՞ չի եղել, բայց կարող եմ ասել, որ իմ ընտանիքից ոչ ոք չի մնացել: Դա նշանակում է, որ ինքը իր անձի օրինակը հիմք ունենալով՝ տեսակետ էր հայտնում: Աթեշյանն այդ հնարավորությունը չունի. նրա, ինչպես նաեւ Մութաֆյանի վրա պարտադրանք կա: Մենք այսօր Հայաստանում նստած ուզում ենք այս կամ այն տեսակետն այլոց կողմից պաշտպանվի, մինչդեռ մենք ինքներս չենք պաշտպանում: Ես ոչ թե արդարացնում եմ Աթեշյանին որպես անձ, այլեւ մոտիկից իմանալով պոլսահայության վիճակն ու թուրքերին, հասկանում եմ՝ նա ինչու այդ քայլին դիմեց: Այսօր ամբողջ Թուրքիայով մեկ ահռելի հակահայկական քարոզ է գնում: Մենք պետք է հարցին մոտենանք ոչ թե էմոցիոնալ, այլ մտածենք՝ ինչն է պատճառը, որ մեզ օգտագործում են քաղաքական ուժեր, երկրներ իրենց քաղաքական ծրագրի հաջողության կամ իրականացման համար»,- մեզ հետ զրույցում ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ նշելով, որ դիվանագիտությունը զգացմունք չի  սիրում:

«Մենք միշտ մատնվել ենք անհաջողության, երբ տրվել ենք զգացմունքի: Դիվանագիտությունը մեկ բան, քաղաքականությունն այլ բան, իսկ զգացմունքն՝ ուրիշ: Զգացմունքով կարող ես «Դլե յաման»  երգել, բայց ոչ քաղաքականություն իրականացնել»,-նշեց Կոմիտաս վարդապետը:

Հարցին՝ դա չի՞ նշանակում՝ այս տրամաբանությամբ մի օր էլ Ցեղասպանության ճանաչման պահանջից պետք է հրաժարվենք՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Էրդողանն ամեն անգամ, երբ խոսքը գնում է Հայոց ցեղասպանության մասին, սպառնալիքներ է հնչեցնում, Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասաց. «Երբ դուք ապրում եք ոչ Թուրքիայում՝ կարող եք պահանջել ամեն ինչ, սակայն երբ ապրում ես Թուրքիայում, չես կարող 70 միլիոնանոց ժողովրդի դեմ դուրս գալ: Դուք թուրքերին չգիտեք. նրանք ուղղակի վայրենի են: Որպեսզի մենք կարողանանք կարծիք արտահայտել՝ պետք է մոտիկից իրավիճակին ծանոթ լինենք: Մեկ խնդիր է, երբ պոլսահայը անկեղծանում եւ խնդրի մասին խոսում է, մեկ այլ խնդիր է, երբ այդ մասին բարձրաձայնում է: Տեսա՞ք՝ ինչ արեցին հայ պատգամավորի հետ: Նրանք չեն հանդուրժի. եթե Գերմանիային չեն հանդուրժում, հայերին հնարավո՞ր է, որ հանդուրժեն»: