Տիգրան Կարապետյանի համար Եռյակ գոյություն չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տիգրան Կարապետյանը: «Եռյակ չկա, ո՞ւր ա եռյակ: Կա Ժողովրդական շարժում, որի նախաձեռնողը Ծառուկյանն է: Փետրվարի 5-ին պետք է կայանա համաժողովրդական խորհրդաժողովը, ինպես ինձ են տեղեկացրել: Քանի որ ժողովրդական շարժում է՝ հրավիրված պետք է լինեն ոչ միայն կուսակցությունները, այլև ժողովուրդը պետք է մասնակցի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ է վարվում, որ չի մասնակցում խորհրդաժողովին, հայտարարեց Տիգրան Կարապետյանը: «Ժառանգությունը մեծ սխալ է գործում: Նախ հաշվի առնելով նրանց հնարավորությունները, երբ մեծամասշտաբ հանրահավաքներ չեն կարողանում կազմակերպել, պարտադիր պետք է մասնակցեին այսպիսի միջոցառումներին: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը գնալով ծիծաղի առարկա է դառնում: Ծառուկյանը ունի ռեսուրս, սակայն, չի ուզում, որ ոչ Րաֆֆին օգտվի դրանից, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր Ծառուկյանը օգնի իրենց ռեսուրսներով, վաղը իրենք գնան նախագահական ընտրություններին և առանց ոչ մի բան հաշվի առնելու: Դրա համար Ծառուկյանը նշեց, որ լինելու է համահայկական շարժում, որ օգտվի միայն ժողովուրդը: Համարում եմ, որ պետք է լինի ընդգծված առաջնորդ, որը պետք է ընտրի ժողովուրդը»:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը իշխանամետ է եղել միշտ, նշեց Տիգրան Կարապետյանը: «Մեր մոտ չեն անցնում խորհրդարանական ընտրություններին, այլ անցկացնում են: Դաշնակցությունը կապված է իշխանության հետ, ու այդ կապը լավ պաշտպանում է: Իշխանությունը գիտի, որ եթե Դաշնակցությունը անցնում է ընդդիմության կողմը, ապա իրենից վտանգ է ներկայացնելու: Դաշնակցությունը ձևացրել է, որ ընդդիմություն է: Իշխանությունները մնում են նույնը և հասարակ ժողովրդից պահանջում են, որ փոփոխվեն»:
Գագիկ Ծառուկյանը միակ լիդերն է Տիգրան Կարապետյանի համար: «Իշխանափոխությունը պետք է ժողովուրդը անի, բայց քաղաքական ուժերը պետք է սատար կանգնեն իրենց: Ծառուկյանը կարող է այդպիսի փոփոխություն անել: Նոր իշխանությունը, որը պետք է գա, պետք է ունենա դեմք: Որպես լիդեր ես տեսնում եմ Ծառուկյանին: Ժողովուրդը կընտրի Գագիկ Ծառուկյանին»: