տուն Լուրեր Երթի մասնակիցներին դատապարտելը նշանակում է արդարացնել նրանց հանդեպ ցուցաբերած բռնությունը. Ավետիք Իշխանյան

Երթի մասնակիցներին դատապարտելը նշանակում է արդարացնել նրանց հանդեպ ցուցաբերած բռնությունը. Ավետիք Իշխանյան

156
0

avetik-ishxanyan

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բերձորի մոտ ծեծի ենթարկված երթի մասնակիցներին անդրադարձավ նաև Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Ես չեմ ուզում խոսել «100-ամյակ առանց ռեժիմի» կարգախոսի մասին, որովհետև երթի մասնակիցներին դատապարտելը նշանակում է արդարացնել նրանց հանդեպ ցուցաբերած բռնությունը: Վատն այն է, որ այս պայմաններում անընդհատ սրվում է ղարաբաղցի-երևանցի հարաբերությունները: Դուք պատկերացրեք, թե ինչ է զգացել այն երեխան, ով եղել է երթի մեջ, որովհետև առաջին անգամ գնում էր Ղարաբաղ տեսնելու և բռնության ենթարկվեց»,-նշեց բանախոսը:

Վերջինս ընդգծեց, որ իրավիճակը մեղմելու համար ճիշտ կլինի, որպեսզի Ղարաբաղը հրապարակային ներողություն խնդրի և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հեռացնի աշխատանքից:

«Ինչ վերաբերում է մեր իշխանություններին, ապա չեմ կարծում, որ նրանք անտեղյակ էին դեպքից: Այն ժամանակ, երբ այնտեղ այդ դեպքերն էին տեղի ունենում, այստեղ հայ պաշտոնյաներից ոմանք Սուրբ Սարգսի տոնն էին նշում»,-նկատեց բանախոսը:

Ինչ վերաբերում է ադեկվատ գործողություններին, ապա բանախոսը նշեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի բռնության փոխարեն մարդիկ զգուշացվեին և հետ ուղարկվեին, մինչդեռ գործողությունների տրամաբանությունը, ըստ բանախոսի, հետևյալն էրˋ ցույց տալ, որ ցանկացած ըմբոստություն կանխվելու է իշխանությունների կողմից:

 

Վարդուհի Ստեփանյան