ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների հատման վայրում անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ պատանիներն ստացել են վերոնշյալ վնասվածքները:
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանը, առգրավվել են բժշկական կենտրոն ընդունվելու պահին տուժողների հագին առկա հագուստները՝ վնասված հատվածներով և արյան հետքերով, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են տուժողները և մի շարք վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ:
Բուժօգնության դիմած անձանց ստացած մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը, վաղեմությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կասկածանքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: