Երկրից բացակայելու և տևական ժամանակ բնակարանում գազամատակարարումից չօգտվելու դեպքում բնակիչը պարտավոր է նախապես դիմում ներկայացնել, որ որոշ ժամանակով հրաժարվում է գազի սպասարկումից: Իսկ եթե դիմում չի ներկայացնում, ապա, անկախ այն հանգամանքից՝ երկրում է եղել, թե ոչ, օգտագործել է գազ, թե ոչ, պարտավոր է սպասարկման վարձ վճարել:
Գործող կարգից մեր քաղաքացիներից շատերը տեղյակ չեն, մեզ դիմած բնակիչներից մեկն էլ ահազանգում է, որ 6 ամիս երկրում չի եղել, գազից չի օգտվել, բայց երբ վերադարձել է` անակնկալի է եկել, երբ իմացել է, որ պետք է ավելի քան 5000 դրամ վճարի, երբ ամիսներ շարունակ տանը չի եղել և ոչ մի ծառայությունից չի օգտվել:
Իրավական տեսանկյունից, այո՛, եթե քաղաքացին դիմում չի ներկայացրել, ուրեմն պարտավոր է վճարել սպասարկման համար, որը իրականում նրան չի մատուցվել: Բայց կա խնդրի մյուս կողմը. ինչպե՞ս պետք է քաղաքացին տեղեկացված լիներ գործող կարգերի մասին, և ո՞վ է մեղավոր բնակչի անիրազեկության համար այն դեպքում, երբ ամսվա մեջ տասնյակ օրենքներ ու որոշումներ են ընդունվում գերատեսչությունների կողմից, ու դրանք բոլորն իմանալը քաղաքացու պարտականությունը չէ: Այս և այլ հարցերի Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ փաստաբան Դավիթ Վարդանյանը:
«Ընդհանուր առմամբ նման հարաբերությունները, դա կվերաբերի էլեկտրաէներգիայի մատակարարմանը, գազի թե ջրի մատակարարմանը, առանձնահատուկ ոլորտ են: Մի կողմում մենաշնորհային կազմակերպություններն են, որ ծառայություններ են մատուցում, մյուս կողմում` սպառողն է, որն ավելի խոցելի է, և երբ մենք ինչ-որ հարցում փորձում ենք հասկանալ, թե ով է ճիշտ կամ սխալ, պետք է հասկանալ` արդյոք պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ: Շատ դեպքերում նման ծառայությունները, այդ թվում` նաև գազի ծառայությունը, մատուցվում է առանց պայմանագրի կնքման: Ինչո՞ւ է դա կարևոր, որովհետև հենց պայմանագրի կնքմամբ է, որ բազմաթիվ փաստաթղթեր դառնում են պարտադիր քաղաքացիների համար: Իսկ եթե պայմանագիր չի կնքվել, մենք պետք է սահմանափակվենք միայն նորմատիվ-իրավական ակտերով»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ նորմատիվ-իրավական ակտերի կարգավորումը, փաստաբանի խոսքով՝ այդքան մանրամասն չեն ներկայացնում, թե ինչ է լինելու. «Նման իրավիճակում քաղաքացին պետք է փորձի հիշել` արդյոք պայմանագիր կնքե՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե պայմանագիր կնքել է, պետք է պայմանագրի օրինակը վերցնի և այնտեղ հղումներ անի տարբեր փաստաթղթերի և հասկանա` արդյոք այդ փաստաթղթում նման պահանջ կա՞, թե՞ ոչ… Եկեք նաև հակառակը դիտարկենք. եթե քաղաքացին բնակարանը թողնում, դուրս է գալիս վթարային վիճակում, և եթե գազը չանջատվի, կամ տեսուչը չստուգի, ապա կարող է ռիսկ առաջանալ բոլորի համար»:
Ինչ վերաբերում է քաղաքացու տեղեկացված չլինելու հանգամանքին, Դավիթ Վարդանյանն ընդգծեց. «Այո՛, այստեղ խնդիր կա, որովհետև կարող է Կառավարության 5 որոշում լինեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներ լինեն, բայց քաղաքացին չի կարդում բոլոր այդ որոշումները ու, ըստ էության, պարտավոր էլ չէ: Այստեղ ամեն ինչ մանրամասնորեն նշվում է, և քաղաքացին ոչ որպես իրավաբան անգամ կարող է կարդալ, բայց չհասկանալ, դրա համար էլ հանրային ծառայություններում գործող կազմակերպություններն իրենք պետք է որոշակի բրոշյուրների, բուկլետների տեսքով իրազեկեն մարդկանց:
Օրինակ՝ նկատում ենք, որ անվտանգության կանոնները, որոնք մատչելի են ներկայացվում, գազի արտահոսքի դեպքում բնակիչներն ինչ պետք է անեն, դրանք նմանատիպ բուկլետներով են տեղեկացնում: Այս պարագայում, եթե իրազեկվածության խնդիր կա, այստեղ մեղքի մի մասը կարող է լինել կազմակերպությանը, որովհետև ինքը բոլոր դեպքերում կարող էր քաղաքացուն ասել, որ դրանք կարևոր քայլեր են և պետք է անել»:
Տեղեկացված չլինելու պատճառով այսօր մեզ դիմած քաղաքացին նշում է, որ սկզբունքորեն չի վճարելու գումարը, որի դիմաց ոչինչ չի օգտագործել և իրեն ոչ մի ծառայություն չի մատուցվել: Այս դեպքում փաստաբանը խորհուրդ է տալիս շարժվել հետևյալ քայլերով. «Սպասարկման վարձը գանձվում է ամսական կտրվածքով, և քաղաքացին կարող է հանգիստ այդ հարցը բարձրացնել 6 ամիսների համար, այսինքն` եթե 6 ամիս սպասարկում չի մատուցվել, անկախ պատճառներից, ինչո՞ւ պետք է վճարի: Այլ հարց է, թե 6 ամսվա ընթացքում ինչ պատճառներով ծառայություն չի մատուցվել: Պայմանագրի կնքման ժամանակ լրացուցիչ փաստաթղթեր են ավելանում, որոնք կարգավորում են տարբեր հարցեր, եթե քաղաքացին նման պայմանագրեր, հատուկ փաստաթղթեր չի ստորագրել, ապա գործում է ընդհանուր կանոնը, որ վճարը գանձվում է, եթե ծառայությունը մատուցվել է, իսկ այս դեպքում ծառայությունը չի մատուցվել, և եթե վճար տեղի ունենա, դա կոչվում է անհիմն հարստացում: Ստացվում է, որ սպասարկման ծառայություն իրականացնող կազմակերպությունը գումար է ստացել, եթե, իհարկե, քաղաքացին վճարի, բայց դրա դիմաց ծառայություն չի մատուցել:
Հիմա ի՞նչ ճիշտ քայլեր պետք է անի բնակիչը. առաջին հերթին կարելի է պարզաբանման գրություններ ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և սպասարկող կազմակերպությանը, որովհետև սպասարկող կազմակերպությունը մասնավոր ընկերություն է, ով պայմանագիր է կնքում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ: Երկուսին պարզաբանման գրություն ուղարկելուց հետո պետք է սպասել պատասխանի: Եթե չեն պատասխանի, կամ կպատասխանեն, բայց այն գոհացուցիչ չի լինի, ապա պետք է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ի դեպ, նրանք ունեն նաև թեժ գիծ և կարողանում են նման դեպքերին օպերատիվ արձագանքել»:
Էմմա Հովսեփյան