Araratnews.am-ի զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը:
—Պարո՛ն Ադամյան, տեսնում ենք, որ հաճախակիացել են քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունները, ովքե՞ր են պատասխանատու տեղի ունեցող դեպքերի համար և ի՞նչ հետևանքներ են սպասվում:
-Իհարկե, բանդիտիզմի հետևանքները միայն բացասական են լինելու: Երկրի բանդիտական իրավիճակի համար միակ պատասխանատուն իշխանությունն է. նրանց թողտվությամբ է կատարվում ամեն ինչ: Բռնությունների ալիքը խոսում է այն մասին, որ այս իշխանությունները բացարձակ ցանկություն չունեն մտածելու երկրի, նրա քաղաքացիների մասին:
-Ըստ Ձեզ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կիրառվող բռնությունները քաղաքացիական հասարակության գիտակցության բարձրացման, նրանց պահանջատեր լինելու հետևա՞նքներն են, այսինքն՝ հնարավո՞ր է, որ այդ կերպ փորձում են «սպանել» այդ գիտակցության ձևավորումը, թե՞ այլ պատճառներ եք տեսնում:
-Ասում եք՝ քաղաքացիական ակտիվություն, բայց թույլ տվեք մի բան նշել՝ «ես դառնում եմ բողոքող, երբ իմ ոտքն են տրորում»: Ցավոք, այսօր այդ վիճակն է. շատ ուժեղ զգացվում է մարգինալիզմի պաշտամունքը: Յուրաքանչյուր ոք բողոքում է «իր փայ բորշի համար», իսկ քանի դեռ այս մտածելակերպն է տիրում, ոչ մի լավ բան չի կարող լինել, ու սա գիտակցության բարձրացման դրսևորում չէ, տանում է մասնատվածության և իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում: Ամեն ինչ կփոխվի այն ժամանակ, երբ մարդիկ հասկանան, որ հարևան երեխան նաև իրենց երեխան է:
—Իսկ այդ միասնականությունն առաջիկայում տեսնո՞ւմ եք:
-Բարդ հարց եք տալիս: Ես ընդամենը ուզում եմ հավատալ, որ ուղեղն իր գոյությունը դեռ պահպանում է, մնում է՝ բոլորի մեջ այն արթնանան:
-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հիմնադիր խորհրդարանի կողմից՝ իշխանություններին ուղղված մտադրությունների ու գործողությունների հանդեպ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:
-Չեմ ուզում գնահատել որևէ կազմակերպության նպատակներն ու ծրագիրը. եթե ինչ-որ առանձին կազմակերպության ծրագիր տեսնեմ, ապա ինքս էլ կընկնեմ մարգինալության գիրկը: Ինձ համար իրավական տեսանկյունից տհաճ էր Բերձորում այդ մարդկանց նկատմամբ իրականցված ոչ մարդկային գործողությունները:
Զրուցեց՝ Շողիկ Գալստյանը