Երեկ ՀՀ ոստիկանությունը տեղեկատվություն տարածեց Հայաստանի երգի պետական թատրոնի նախկին տնօրենի՝ Արթուր Ասատրյանի կողմից 41,78 մլն դրամի յուրացման մասին։ Ասատրյանը 1998-2019 թվականներին վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չի մուտքագրել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացրել է:
Araratnews․am-ը հարցի շուրջ խոսեց Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանի հետ։
Սարգսյանը նշեց, որ նախկին տնօրենից տեղեկություններ չունի, գիտի, որ Հայաստանում չէ, իսկ չարաշահումների մասին տեղեկացել է երեկոյան․ «Ոստիկանությունը կքննի, կպարզի։ Թե ի՛նչ կլինի՝ հետագայում կիմանանք։ Մենք ավելի շատ թատրոնի հետագայով ենք զբաղվում՝ վերազինելու, նորոգելու և այլ հարցերով»։
Այսինքն՝ թատրոնի գործունեությունը չի՞ խաթարվել․ «Թատրոնն իր հունով աշխատում է, ուզում ենք վերանորոգել այն»,- նշեց Սարգսյանը։
Հարցին՝ 10 տարուց ավելի՝ գումարներ է յուրացվել թատրոնից, մի՞թե թատրոնի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը չի իմացել այդ մասին՝ տնօրենի պաշտոնակատարն ասաց․ «Պարոն Գրիգորյանը ստեղծագործող անձնավորություն է, գեղարվեստական ղեկավարն է, և ինչպես մնացած բոլոր աշխատողները, նա նույնպես աշխատող է համարվում։ Նա ստեղծագործում է, չի խառնվում վարչական գործերին՝ ֆինանսական և այլն։ Նա ցանկություն էլ չունի նույնիսկ խառնվելու։ Ես տնօրենն եմ, ինքը գեղարվեստական ղեկավար է»։
Դիտարկմանը, իսկ թատրոնում չե՞ն զարմացել՝ լսելով նման չափի չարաշահումների մասին, Սարգսյանը պատասխանեց․ «Ես արդեն դադարել եմ զարմանալուց։ Ընդհանրապես, զարմանալ չարժե, ամբողջ երկիրն է այդպես եղել։ Բայց ես չեմ կարող ինչ-որ կարծիք հայտնել, քննությունը ցույց կտա»,- ասաց նա։
Հ․Գ․ Փորձեցինք կապ հաստատել նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ։ Լսելով հարցը՝ Գրիգորյանն ասաց, որ Արցախում է և ժամանակ չունի հարցերին պատասխանելու։