տուն Լուրեր Երեխաներին արգելել են հաճախել մանկապարտեզ. Ծնողը վրդովված է

Երեխաներին արգելել են հաճախել մանկապարտեզ. Ծնողը վրդովված է

124
0

871

Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով` երևանյան մասնավոր մանկապարտեզներից մեկում խախտել են ծնողների հետ նախօրոք կնքված պայմանագրի պայմանները և այժմ պահանջում են մինչ օրս վճարված գումարից մոտ 50 տոկոս ավել վճարել: Մենք կապվեցինք վերը նշված խնդրից տուժած ծնողի հետ։ Նա ներկայացավ որպես Զվարթ Հարոյան և իր բողոքն ու վրդովմունքն արտահայտեց`  մանկապարտեզի տնօրենի գործողությունները որակելով  որպես անօրինականություն. «Երեխաներին երեք տարի առաջ մանկապարտեզ տանելուց (խոսքս «Արփի» քոլեջ-մանկապարտեզի մասին է), տնօրինության հետ կնքեցինք անժամկետ պայմանագիր, որը գործելու է մինչև այն օրը, երբ երեխան կլքի մանկապարտեզը: Այդ պայմանագրում նշված էր նաև վճարի չափը, որը մենք պետք է մուծեինք։ Նշեմ նաև, որ այս երեք տարվա ընթացքում պայմագիրը չի վերանայվել, երեխաներին էլ մնացել է մեկ տարի, որ ավարտեն»,- պատմեց ծնողը: Ըստ Զվարթ Հարոյանի` տնօրենն օգոստոս ամսին ծանուցագիր է ուղարկել իրեն, որով վերջինիս տեղեկացրել է վարձի թանկացման մասին, իրենք էլ գրավոր պատասխանով մերժել են` պատճառաբանելով, որ կա պայմանգիր և վարձի թանկացումն անօրինական է: Ծնողի խոսքով` երեկ` արձակուրդից հետո, իրենք երեխաներին տարել են մանկապարտեզ, և նրանց թույլ չեն տվել մուտք գործել շենք. պահանջում են կամ վճարել նախկին 40.000 դրամի փոխարեն 60.000 դրամ կամ էլ երեխաներին կուղարկեն հին շենք, որի դեպքում 40.000-ը բավարար կլինի: Ինչպես պատմեց ծնողը, այս տարիների ընթացքում շենքում վերանորոգում է կատարվել, և հիմա շենքը բարվոք վիճակում է, տնօրենն էլ վարձի թանկացումը կապում է դրա հետ, ինչպես նաև՝ իրենց ֆինանսական խնդիրների: Մանկապարտեզի տնօրենը ծնողներին տվել է մեկ օր ժամանակ` որոշում կայացնելու համար. «Մեզ ասում է` կամ ավելացրեք գումարը, կամ հանեք ձեր երեխաներին, եթե ոչ, ապա կարող եք մեզ դատի տալ»,- Araratnews.am-ի հետ զրույցում վրդովված պատմեց Զվարթ Հարոյանը:

Շողիկ Գալստյան