տուն Լուրեր Երևանյան խանութներում փակման զեղչեր են. ի՞նչն է պատճառը (լուսանկարներ)

Երևանյան խանութներում փակման զեղչեր են. ի՞նչն է պատճառը (լուսանկարներ)

331
0

xanut

«Տրվում է վարձով, մեծ զեղչեր, լիկվիդացիոն գներ» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ կարելի է  տեսնել  երևանյան մի շարք խանութների ցուցափեղկերին փակցված: Թե ինչու են խանութները փակվում՝ աշխատակիցներն ու մենեջերներն այդ մասին լռում են, տպավորություն է, թե հատուկ պայմանավորվածություն ունեն՝ որևէ մեկնաբանություն չտալու: Ուշագրավն այն է, որ փակվում և մեծ զեղջեր են գործում թե´ բրենդային, թե´ սովորական խանութներում:

«Stefanel»  խանութից մեր հարցին, թե ինչո՞ւ են փակվում, ասացին. «Տնօրինության ցանկությունն է»: Երբ փորձեցինք այլ  պարզաբանումներ ստանալ, հրաժարվեցին պատասխանել:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մեզ հետ զրույցում խոսեց այդ մասին և ընդգծեց, որ այդ ամենը երկարատև գործընթացների հետևանք է, որն այսօր արդեն ավելի տեսանելի է դառնում: Տնտեսագետն առանձնացրեց երկու հիմնական խնդիր՝ առևտրաշրջանառության և անշարժ գույքի շուկայում տիրող գործընթացները:

«Այն, ինչ տեղի է ունենում, վկայում է տնտեսության մեջ անառողջ երևույթների առկայության մասին: Խանութների փակվելը նշանակում է, որ առևտրի բնագավառում էլ լուրջ խնդիրներ կան»:

Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք օգտվում են տվյալ խանութներից, այլևս ի վիճակի չեն դա անելու, ուստի, տրամաբանական է, որ կամաց-կամաց խանութները փակվելու են:

Վիճակագրական տվյալները ևս փաստում են այդ մասին ասում է տնտեսագետը. «Առևտրի շրջանառությունը, հունվար, փետրվար ամիսների ցուցանիշների համաձայն, 8 տոկոսով պակասել  է: Եթե  խանութներում մեծ զեղջեր են, լիկվիդացիոն գներ, և կամ էլ վարձով են տրվում, ապա դա ահազանգ է, որ տնտեսությունը հիվանդ վիճակում է, խորը ճգնաժամի մեջ ենք հայտնվել»:

Վահագն Խաչատրյանի կարծիքով՝  խանութների փակվելը կապված է նաև անշարժ գույքի շուկայի հետ. «Եթե ցանկություն կա տեղեկանալու որևէ երկրի տնտեսական վիճակի մասին, ապա պետք է նայել, թե այդ երկրի անշարժ գույքի շուկան ինչ վիճակում է,- ասում է տնտեսագետը,- անշարժ գույքի շուկան արագ է արձագանքում երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին»:

Այնուամենայնիվ, Վահագն Խաչատրյանը կարծում է՝ տնտեսության ներկա վիճակը տարիների ընթացքում վարած քաղաքականության հետևանք է. «Գնողունակ քաղաքացիների թիվը պակասում է և, բնականաբար, պետք է հանգեցներ սրան»:

1

 

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

xanut

 

Շողիկ Գալստյան