Երևանի քաղաքապետարանի կայքէջում հրավեր կա մասնակցելու «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, իսկ մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ: Կփոխարինվեն նաև բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով մի շարք ընտանիքների կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ:
Եվրոպական միությունն է աջակցում «ԵՄ-ն Երևանի համար.Արևային համայնք» ծրագրի իրագործմանը, որը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ծրագիրը հաստատվել է անցյալ տարի Երևան քաղաքի ավագանու որոշմամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով
Առաջարկվող ծրագիրը նորարարական բնույթ է կրում և նախատեսված է վերականգնվող էներգիայի արտադրության խթանման սկզբունքային նոր մոդելի նախագծում և փորձարկում՝ հաշվի առնելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարման օրենսդրության բարեփոխումները:
Ծրագիրը նպատակ ունի օգտագործել ԵՄ դրամաշնորհային աջակցությունը և Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները`փորձարկելու և ընդլայնելու համայնք-մասնավոր գործընկերության հիմնված մոդելը, որը կնպաստի երկարաժամկետ հաջողության և ծրագրի վերարտադրությանը: Մոդելը ունի ներդրված ֆինանսական եկամուտների կայուն մեխանիզմ, որը և կապահովի իրականացվող նախագծի մուլտիպլիկացիոն ազդեցությունը: