տուն Լուրեր Երևանում տեղադրվեց Իրաքում ազգությամբ եզդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

Երևանում տեղադրվեց Իրաքում ազգությամբ եզդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

85
0
husharԵրևանում տեղադրվել է 2014 թ. Իրաքի Շանգալի եզդիների և մնացած ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող:
«Հուշարձանը փրկության խորհուրդ ունի: Քանդակում պատկերվածարագիլները խորհրդանշում են եզդիների վերադարձը Շանգալ, իսկ մայրը խորհրդանշում է հայրենիքը, որը փրկում է երեխայի ն՝եզդի ժողովրդին:»,- նշեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Հուշարձանի տեղադրումը ևս մի ազդակ է՝ ճանաչելու և դատապարտելու կատարված ցեղասպանությունները:
«Այս տարի ապրիլի 2-ին, ինչպես նաև 2014թ. օգոստոսի 3-ին հակառակորդը փորձեց ոչնչացնել մեզ՝ հայերին ու եզդիներին: Սակայն նրանց դեմ կանգնեց երկու ազգերի դարավոր եղբայրությունը»,- հավելեց Շարոյանը:
Նրա խոսքով՝ այժմ Շանգալում հարձակումները դադարել են և եզդի զինված ջոկատները կարողանում են պաշտպանել իրենց բնօրրանը:
Կամչատկայի երկրամասի Օրենսդիր ժողովի պատգամավոր և բարերար Ռաշիդ Շամոյանը նշեց, որ Հայաստանն առաջին երկիրն է, ուր տեղադրվել է եզդի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Առաջին հուշարձանը տեղադրվել է 2015թ.՝ ի հիշատակ 1915 թ. զոհերի, իսկ երկրորդ հուշարձանը հավերժացնում է 2014թ. սպանվածների հիշատակը: Շանգալում զոհվել են հազարավոր եզդիներ, մոտ 5000 երեխաներ և կանայք էլ շարունակում են գերի մնալ հանցագործների ձեռքերում:
«Այստեղ բոլոր հավաքվածները՝ լինեն հայ, եզդի, թե ասորի, կիսում են մեր ցավը: Մենք կարծում ենք, որ մենք էլ իրավունք ունենք բարձրաձայնելու կոտորածների մասին: Ամբողջ աշխարհում մնացել է ընդամենը 1-1.5 մլն եզդի, բայց նրանք կան ու պահպանում են իրենց ավանդույթներն ու պատմությունը»,- ասաց Ռուսաստանում «Շամսա-Լոգիստիկ» ընկերության գլխավոր տնօրեն Ագիթ Շամոյանը:
Նրա խոսքով՝ հուշարձանը Երևանում տեղադրելով՝ եզդիները ցանկանում են ամրապնդել հարաբերությունները երկու ազգերի միջև: Քանդակը ֆինանսավորել են Ռաշիդ և Ագիթ Շամոյանները, իսկ հեղինակը Ասլան Մխիթարյանն է:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ հայ և եզդի ժողովուրդները այսօր կանգնած են կողք կողքի և ցեղասպանության, ահաբեկչությունների ու դաժանությունների դեմ միասին ձայն կբարձրացնեն ամբողջ աշխարհում:

«Ապրիլի 23-ին տեղի կունենա թվով երկրորդ միջազգային «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը, որին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում եզդի ժողովուրդը»,- ավելացրեց Բաղդասարյանը:
Հուշարձան-կոթողի բացմանը ներկա էին նաև Երևանի քաղքապետ Տարոն Մարգարյանի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Չեխիայի և Լեհաստանի դեսպանները, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Հայկական վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: