Բնակիչների դիմումներով Երևանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի 185 մուտքում փակվել և զոդվել են բոլոր աղբամուղները: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանը, գրում է «Արմենպրես»-ը:
«Բազմաբնակարան շենքերի աղբամուղները փակելու որոշում չկա և չի կարող լինել, քանի որ դրանք բնակիչների սեփականությունն են: Վերջիններն են որոշում, թե ինչպես օգտագործել ընդհանուր բաժնային սեփականությունը (գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային- խմբ.): Շենքերի սեփականատերերի ժողովի ժամանակ, եթե 51 տոկոսը որոշում կայացնի, որ պետք է աղբատարը փակվի, ապա այդ փաստն ունի իրավական ուժ: Բնակիչները կարող են իրենց կայացրած որոշումով դիմել կառավարման մարմին: Որոշումը կարող է լինել օրինակ՝ ստորագրության ձևով»,- նշեց Խաչատրյանը:
«Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ փակված է 185 աղբամուղ: Այս պահին գործընթացը մի փոքր ակտիվացել է, քանի որ ներկայում հավուր պատշաճի չի կատարվում աղբահանությունը: Այսօր խնդիր է առաջանում նաև բակերում կայանող մեքենաների պատճառով, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում բակեր մուտք գործել»,- նշեց Հարություն Խաչատրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում