Այսօր Երևանում մեկնարկեց առևտրի ֆինանսավորման վերաբերյալ երկօրյա կոնֆերանսը: Այն կազմակերպել էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը Եվրոպական Միության հետ համատեղ:
Համաժողովին ոլորտի առաջատար փորձագետները քննարկեցին տեղական գործարարների հնարավորություններն ու Հայաստանում առևտրի ֆինանսավորման հասանելիության առումով մարտահրավերները: Այստեղ ներկա էին 150-ից ավել մասնակիցներ, որոնց թվում կային հրավիրված փորձագետներ, տեղական ՓՄՁ-ների, տեղական և օտարերկրյա առևտրային բանկերի, տարբեր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք քննարկում էին առևտրի ֆինանսավորման ոլորտի ընթացիկ միտումներն ու զարգացման կարիքները, ինչպես նաև Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքների հաջողված դեպքերի ուսումնասիրությունները:
Համաժողովին ներկա էր նաև Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Մոնղոլիայի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայք Թեյլորը:
«ՎԶԵԲ-ը Հայաստանում շարունակում է հավատարիմ գործընկեր մնալ և հատուկ ուշադրություն է դարձնում տեղական ՓՄՁ-ների աջակցությանը, քանի որ նրանք առաջատար դերակատարություն ունեն առևտրի ոլորտի զարգացման գործընթացում: Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելի շատ ընկերություններ լիովին տեղեկացված լինեն իրենց համար հասանելի ֆինանսավորման բոլոր տարբերակների մասին և ի վիճակի լինեն օգտագործել այդ այլընտրանքները: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկեր բանկերին՝ «Հայէկոնոմբանկին» և «Ամերիաբանկին», որոնք նաև այս միջոցառման գլխավոր հովանավորներն են, քանի որ այս բանկերը մեծապես նպաստել և աջակցել են ՓՄՁ-ների համար առևտրի ֆինանսավորման գործիքների բարելավված հասանելիությանը»,- ասաց Մայք Թեյլորը:
Այս համաժողովի նպատակն է բարելավել փոքր և միջին ձեռնարկությունների իրազեկությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը:
Կոնֆերանսի գլխավոր հովանավորներն են «Հայէկոնոմբանկը» և «Ամերիաբանկը»:
«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արմեն Նալջյանն իր խոսքում ասաց, որ խրախուսելով առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործումը, իրենք խթանում են Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացումը: