Այսօր ավարտվեց առևտրի ֆինանսավորման վերաբերյալ երկօրյա կոնֆերանսը: Ինչպես հայտնել էինք, այն կազմակերպել էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)՝ Եվրոպական Միության հետ համատեղ: Կոնֆերանսի երկրորդ օրը նվիրված էր Հայաստանում ՓՄՁ-ների ներկրման ու արտահանման աջակցմանը:
«Այս կոնֆերանսը շատ կարևոր է, և ՎԶԵԲ-ն աշխատում է բոլոր մասնակիցների հետ երկխոսության բարելավման, Հայաստանի շուկայում առևտրի ֆինանսավորման ուղիների մասին ինֆորմացիայի տարածման ուղղությամբ, որպեսզի ոչ միայն խոշոր, այլ նաև փոքր և միջին ձեռնարկությունները կարողանան օգտվել այդ ֆինանսավորման աղբյուրներից»,- ասում է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մարիա Մոգիլնայան:
«Այս առևտրի շրջանակներում իրար հետ ծանոթանում են շատ երկրներ, բանկեր,- ասում է «Հայէկոնոմբանկի» Կորպորատիվ բիզնեսի վարչության պետ Միքայել Մարգարյանն ու շարունակում,- շատ կարևոր է նաև նման կապերի հաստատումը, որովհետև հետագայում յուրաքանչյուր գործարքի ժամանակ հաստատման կարիք այլևս, հնարավոր է, որ չլինի: Բանկերն արդեն իրար հետ համագործակցում են և ճանաչում են: ՎԶԵԲ-ն էլ հանդիսանում է նրանց միջև կապող օղակը»:
«Հայէկոնոմբանկը 2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում ցույց է տվել քառակի ծավալային աճ և 35 տոկոս քանակային աճ»,- իր խոսքում ասաց Միջազգային գործառնությունների վարչության պետ Աստղիկ Մանրիկյանը:
«Հաջողության հիմնական գրավականն, իմ կարծիքով, այն է, որ անցած տարվանից սկսած մենք փորձեցինք տեղաբաշխել մարդկային ռեսուրսները «Հայէկոնոմբանկի» շրջանակնելում: Եվ սկսվեց սերտ համագործակցությունը «Հայէկոնոմբանկի» միջազգային գործառնությունների վարչության, Վարկավորման և միջոցների ներգրավման վարչության, Կորպորատիվ բիզնեսի վարչության և Մարկետինգի վարչության միջև: Արդյունքում մենք կարողացանք վերագտնել թիրախային հաճախորդներին` նրանց առաջարկելով այն, ինչի կարիքն իրենք ունեն»,- ասաց Մանրիկյանը: