«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցiացիա» ՀՀ-ն Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Կանանց ձեռներեցության շաբաթ Երևանում, որի շրջանակներում հունիսի 8-ից 11-ը Երևանում կանցկացվի Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովˋ«Նոր զարգացումների հեռանկար» թեմայով: Համաժողովի նպատակն է ցույց տալ, որ կանանց ներգրավվածությունը հասարակական, տնտեսական , կրթական, մշակութային, բիզնեսի և այլ ոլորտներում միայն դրական է ազդում տվյալ ոլորտների առաջխաղացման վրա: ՀԿ-ն շեշտադրել է հատկապես կանանց ներգրավվածությունը տնտեսական ոլորտում: Դեռևս 2011-ից ՀԿ-ն ԱՄՆ դեսպանության աջակցությամբ հիմնադրել է ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, որին այսօր անդամակցում է շուրջ 300 կին ձեռներեց Երևանից և բոլոր մարզերից: 2015-ից ՀԿ-ն համարվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ:
Այսօր մեկնարկած համաժողովի ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզին իր խոսքում նկատեց, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ երբ կնոջ դերը տնտեսության մեջ բարձրանում է՝ մեկ շնչին հասնող եկամուտը 27 %-ով աճում է:
Խոսելով կանանց կրթության իրավունքիցˋ Սանչեզին նկատեց, որ այսօր կանայք զրկված չեն կրթության իրավունքից, մինչդեռ կան շատ մասնագիտություններ, որոնցով զբաղվելը որոշ երկրներում կնոջն արգելվում է:
«Այսօր շատ երկրներում մշակվում են հակադիսկրիմինացիոն օրենքներ, որոնք թույլ են տալիս կնոջը զբաղվել ցանկացած աշխատանքով: Շատ կարևոր է նաև կանանց կրթությունը, առանց որի մարդն առհասարակ չի կարող վաստակել ապրուստ և առաջընթաց ապրել: Զբաղվածության ոլորտում ևս խնդիրներ կան: Հաճախ հղիության պատճառով կինը չի կարողանում աշխատել, բայց այս իրավիճակների համար ևս պետք է մեխանիզմներ մշակվեն: Օրինակ, որոշ աշխատանքներ կանայք կարող են կատարել տնից: Սա թույլ կտա կնոջը չկորցնել աշխատանքը և խնամել երեխային»:
IDeA և RVVZ հիմնադրամների հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը իր զեկույցում անրադարձավ հասարակության մեջ կանանց դերին:
Վերջինս նշեց, որ թեև կանաք կառավարական մարմիններում քիչ են ներգրավված, բայց փոխարենը նրանց թիվը մեծ է բիզնեսում:
«Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ: Առհասարակ, ընտանիքներում տղաներին մեծացնում են որպես ծառայություններ ստացողների, իսկ աղջիկներինˋ այդ ծառայությունները մատուցողի: Սա, ի վերջո, հանգեցնում է այն վիճակին, որի ականատեսը մենք հիմա ենքˋ կանայք ավելի շատ են հակված աշխատելու»,- նկատեց Զոնաբենդը:
Վերջինս շեշտեց նաև, որ հասարակության մեջ անհրաժեշտ է փոխել այս տրամադրվածության դինամիկան, քանի որ տղամարդը ևս պետք է գիտակցի, որ պարտավոր է իր վրա զբաղվածության որոշակի քանակ վերցնել դեռ փոքրուց:
Հիշեցնենք, որ ֆորումը կշարունակվի մինչև հունիսի 11-ը, որի ընթացքում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից ժամանած մի շարք ներկայացուցիչներ:
Վարդուհի Ստեփանյան