Երևանի քաղաքապետարանի ենթակայության Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցը հանդիսավորությամբ նշել է անվանակոչման 50-ամյակը: Լինելով Հայաստանի անկախության ջատագովներից` բուլղարացի բանաստեղծը 20-րդ դարասկզբին մի շարք ստեղծագործություններ է նվիրել նաև Հայաստանին ու հայերին:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ-ում Բուլղարիայի և սլավոնական մի շարք երկրների դեսպանություններից հյուրեր, նաև Երևանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներ:
Դպրոցի կոմիտասյան սրահում կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերը ծանոթացել են կրթօջախում ձևավորված Պեյո Յավորովի թանգարանին, ապա մասնակցել օրվա գլխավոր միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են հայ-բուլղարական բարեկամությամբ ուրվագծվող դպրոցի պատմությունն ու անցած ուղին:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է դպրոցի դերը հայ-բուլղարական բարեկամության կամուրջի ամրացման և երկկողմ կապերի ամրապնդման գործում:
«Յուրաքանչյուր դպրոց սերնդեսերունդ փոխանցվող իր ավանդույթներով է առանձնանում և կարևորվում: Այս դպրոցն առանձնանում է իր մշակութային տարրերով, չնայած որ չունի նման ուղղվածություն, ինչն, իհարկե, դպրոցի անձնակազմի ջանքերի շնորհիվ է, որը գնահատվում է»,-նշել է Արամ Սուքիասյանն ու շարունակելով իր միտքը՝ Երևանի քաղաքապետի կողմից կրթության բնագավառում ունեցած ձեռքբերումների և հոբելյանի կապակցությամբ դպրոցին է հանձնել «Երևանի զինանշան» հուշամեդալը:
Դպրոցի անվանակոչության 50-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում կրթօջախի բակում բացվել է նաև խաչքար-հուշարձան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն