Երևանի քաղաքաշինության հարցը չարչրկված հարց է: Մենք անընդհատ սրա մասին խոսում ենք, բայց սայլը տեղից չի շարժվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուռ Քալաշյանը:
«Գործնականում Երևանի կերպարը ձևափոխվել և ձևախեղվել է: Այն կերպարը, որով 25 տարի առաջ հպարտանում էինք, այսօր ստվերի մեջ է հայտնվել, իսկ ինչը լույսի մեջ է՝ հպարտանալու տեղիք չի տալիս: Մենք ասում ենք, որ նոր քաղաք ենք կառուցում, բայց դա չպետք է հինը վերացնելու հաշվին արվի: Մենք նորը կառուցեցինք նախկինում ձեռք բերած արժեքների հաշվին»-նկատեց ճարտարապետը:
Վերջինիս կարծիքով այս ամենի հիմնական պատճառն այն է, որ նորանկախ պետությունը ստեղծելու ժամանակ կադրային խիստ փոփոխություններ արվեցին և, ցավոք, ոլորտը համալրվեց կադրերով, որոնք գործից չեն հասկանում:
«Պետության կողմից դրվող հիմնական խնդիրը արագ կերպով շահ ձեռք բերելն էր, ինչի ադյունքում քաղաքը ավիրվեց: Ոչնչացված առաջին շինություններից մեկը Երիտասարդական պալատն էր, որը նախ սինվոլիկ գնով վաճառվեց, ապա քանդվեց: Պատճառն այն էր, որ գնողը կարծում էրˋ մեծ եկամուտներ կստանա, հետո պարզվեց, որ դրա համար պետք է ձևափոխություններ կատարվի պալատում: Սա էլ ծախսատար էր, ուստի այլ ելք, քան այն քանդել՝ չմնաց»,-նկատեց բանախոսը:
Ըստ ճարտարապետիˋ այս ամենի հիմնական պատճառն այն է, որ մեր երկրում ոչ մի ոլորտում օրենքի գերակայություն չկա:
Վարդուհի Ստեփանյան