«Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով` Երևանը, առավել կոնկրետ` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջը, լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
Այս մասին փաստում է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-14 ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Rutgers համալսարան-ի Հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից: Նշենք, որ Էլեկտրոնային կառավարման հետազոտության համար ունենալով էլեկտրոնային կառավարման 104 ցուցիչներ և հինգ առանձին դասակարգման ոլորտներ, Ռութգերսի կառավարման գործիքն այսօր ընդունված գործնականում ամենահամակողմանի ինդեքսն է:
119 էջից բաղկացած ուսումնասիրությունը, որն ամբողջությամբ հասանելի է համալսարանի կայքէջում, ներկայացնում է աշխարհի խոշոր 100 քաղաքների քաղաքապետարանների պաշտոնական կայքերի գնահատումն ըստ 5 հիմնական չափորոշինչների՝ անվտանգություն, մատչելիություն կամ օգտագործման հարմարավետություն, բովանդակություն, առաջարկվող առցանց ծառայություններ և քաղաքացիների ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացներին: Ըստ էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշի՝ աշխարհի առաջատար քաղաքը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնգկոնգը, Սինգապուրը և Երևանը: Հատկանշական է, որ, ըստ առանձին չափորոշիչների, Երևանն առաջինն է մատչելիության կամ օգտագործման հարմարավետության անվանակարգում: Այս անվանակարգումմեր մայրաքաղաքն առաջ է անցել Բրատիսլավայից, Սեուլից, Տորոնտոյից և Ցյուրիխից: Քաղաքացիների ներգրավվածության անվանակարգում Երևանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն Սեուլին և Սինգապուրին: Հարկ է նշել, որ ուսումնասիրությունն իրականացնող մասնագետների գնահատմամբ շատ քիչ թվով պետական կառույցներ են առաջարկում քաղաքացիների ներգրավման առցաց հնարավորություն: Բովանդակության անվանակարգում Երևանը 4-րդն է՝ Սեուլից, Տորոնտոյից և Ստոկհոլմից հետո, գնահատողները հաշվի են առել հասանելիությունը դեպի կոնտակտային տեղեկություններ, հրապարակային փաստաթղթերը, հասանելիությունը հաշմանդամների համար, մուլտիմեդիայի նյութերը և հրատապ տեղեկատվությունը: