Երևանում հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպությունների կողմից թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Այս մասին նշվել է Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը եւ շարունակել շրջայցերը դպրոցների ճաշարաններ:
«Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում իրենց տրված հանձնարարականները, ապա առանց քննարկումների խզեք նրանց հետ կնքված պայմանագրերը: Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որեւէ թերացում ներելի չէ», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատասխանատուները նաեւ զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է: