Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները զերծ չեն մնացել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությունը, անդրադառնալով Երանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանում հայտնի դերասանը: Գործակալությունը գրում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 24-ին, իսկ ընտրությունները կայացել են այս տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
««Իմ քայլը» դաշինքը, որի կազմում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հաղթել է ձայների 81.05 տոկոսով»,- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերն է մեջբերում գործակալությունը՝ արձանագրելով, որ դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կդառնա Երևանի քաղաքապետ:
Գործակալությունը նաև նշում է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են այն բանից հետո, երբ հրաժարական է տվել Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ վերջինս նախկին իշխող կուսակցության անդամ է, ով հրաժարական է ներկայացրել իր կուսակցության՝ իշխանությունից հեռանալուց երկու ամիս հետո: «Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ տևած բողոքի զանգվածային ցույցերից հետո Հանրապետական կուսակցությունը հեռացավ իշխանությունից: Դրա հետևեցին Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով մի քանի բողոքի ցույցերը: Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններին»,- եզրափակում է գործակալությունը:
Երևանի ավագանու ընտրություններին անդրադարձել է նաև France24 հեռուստաալիքը՝ նշելով, որ Հայաստանի նոր բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել, որն ընդունվել է որպես նրան տրված վստահության քվե այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում նա եկավ իշխանության: «Քաղաքային ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ռեֆորմիստական շարժման համար առաջին փորձությունն էր այն բանից հետո, երբ բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանը հեռացավ, իսկ 43-ամյա Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության»:
Նյութը՝ ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: