Երևանի մեծ կենտրոնում՝ Կայարանի ետնամասում, ավելի կոնկրետ` Սևանի փողոցի և Արշակունյաց պողոտայի միջև ընկած հատվածում, շուտով իր դռները կբացի նոր մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ «Երևան Մեծ Տոնավաճառը»: Նման առևտրի կենտրոն Երևանում դեռ չի եղել: Մեծածախ առևտրի կենտրոնների նկատմամբ գոյություն ունի ձևավորված կանխակալ վերաբերմունք. թվում է, թե դրանք պետք է լինեն տհաճ, անհարմար, շուկա հիշեցնող վայրեր, որոնք այցելում են միայն պարտադրված՝ հիմնականում հենց իրենք՝ առևտրականները, սակայն «Երևան Մեծ Տոնավաճառը» լիովին կոտրելու է տվյալ կարծրատիպը: Այստեղ սիրով առևտուր կանեն ինչպես մեծածախ ապրանքատեսակների կարիք ունեցող առևտրականները, այնպես էլ շարքային քաղաքացիներ, որոնք կցանկանան տնտեսել իրենց գումարը:
Մեծ Մարքեթի այցելուներին հաճելի կլինի զբոսնել նաև առևտրի կենտրոնի բակում. այն ձևավորված է գեղեցիկ սալահատակով և յուրահատուկ լուսավորությամբ, դրսում տեղակայված են առանձին տաղավար-բուտիկներ: Հետագայում շենքի արտաքին պատին կլինի նաև աննախադեպ չափերի մեծ էկրան: Տոնավաճառը լինելու է բազմապրոֆիլ, այստեղ վաճառվելու է գրեթե ամեն ինչ: Հատկապես նորաոճ և հարմարավետ է առևտրի կենտրոնի ներսը, միմյանց են հաջորդում բազմապիսի տաղավարներ` ամբողջությամբ նոր կահավորմամբ և տեսականիով: Բացի առևտուր կատարելուց, այցելուներն այստեղ կարող են անցկացնել նաև իրենց ժամանցը. կենտրոնում գործելու են բազմաթիվ սրճարաններ, ինչպես նաև հոսթել և հոթել: Հետագայում, հնարավոր է` գործի նաև կինոթատրոն: Տոնավաճառի տարածքում կլինեն նաև գրասենյակային և պահեստային տարածքներ, կգործեն բանկային և ապահովագրական ծառայություններ, դեղատուն, ավտոկայանատեղի, ավտոլվացման կետ և այլն: Աննախադեպ մեծ է լինելու նաև առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղին, ինչն այսօր Երևանում արդեն իսկ բացառիկ է:
Սակայն «Երևան Մեծ Տոնավաճառի» գլխավոր առավելությունը հարմարավետությունն ու հագեցածությունը չէ, կարևորն այն է, որ առևտրի կենտրոնի ղեկավարության նախաձեռնությամբ առևտրականներին վարձակալության տարածքները հանձնվել են իրական արժեքի գրեթե 2/3 գնով: Տնօրինությունը նման քայլի է դիմել, պայմանով, որ կենտրոնում ներկայացված ապրանքատեսակները պետք է վաճառվեն աննախադեպ ցածր գներով: Այսկերպ նպատակ է հետապնդվում կենտրոնը հասանելի դարձնել սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչների, այդ թվում նաև` տնտեսական ծանր պայմաններում գտնվող մեր հայրենակիցների համար:
«Երևան Մեծ Տոնավաճառում» այսօր արդեն բուռն եռուզեռ էր տիրում. առևտրականները նախապատրաստվում էին կենտրոնի բացմանը, վերջնականապես կարգի բերում տաղավարները, դասավորում ապրանքատեսակները, բոլորը ոգևորված էին և լի սպասումներով: Մեծ Մարքեթը հավակնում է դառնալ յուրահատուկ «քաղաք» քաղաքի մեջ:
Մարիամ Մարգարյան