տուն Լուրեր Երեւանում նոր հյուրանոց է բացվել

Երեւանում նոր հյուրանոց է բացվել

780
0

Ինչպես հայտնի է, Հայաստանի նոր իշխանությունների գերխնդիրներից է մեր հայրենիքը դարձնել զբոսաշրջային երկիր: Այդ նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է կառուցել մեծ թվով հյուրանոցներ եւ հյուրատներ, քանզի, նույնիսկ այսօր, երբ տարեկան Հայաստան է այցելում շուրջ 2 միլիոն զբոսաշրջիկ՝ ամառային, հագեցած սեզոնին, դժվար է գտնել համապատասխան մակարդակի, ազատ սենյակներ:

Վերջերս մի զբոսավար աղջիկ պատմում էր, թե ինչպես է հուլիս ամսին Հայաստան ժամանակ ֆրանսիացի տատիկ-պապիկներին ստիպված տեղավորել ցածրորակ մի գիշերակացում, որտեղ հայ տղամարդիկ սիրում են ժամավճարով այցելել՝ ցածր սոցիալական պատասխանատվության տեր կանանց ուղեկցությամբ: Խեղճ զբոսավարը պատմում էր, թե ինչ մեծ ճիգեր է գործադրել, որպեսզի հյուրերը չհանդիպեն միջանցքներով անցնող կիսամերկ աղջիկներին:

Շատերդ կհիշեք, թե 2016 թվականին ինչպես պայթեցրին Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղը՝  նախկին Առաջին տպարանի շենքը: Այժմ, նույն վայրում, վերջինիս փոխարեն կառուցվել եւ գործում է «Անի Գրանդ հոթել» կոչվող հյուրանոցը: Դժվար է ասել, որ հյուրանոցն աչքի է ընկնում իր նրբաճաշակությամբ: Երիտասարդ ճարտարապետներից մի քանիսը բավականին խիստ քննադատեցին նորակառույց հյուրանոցը՝ հատկապես հնաոճ արտաքինի համար: Այնուամենայնիվ, այն բացել է իր դռները եւ միանշանակ պիտանի կլինի մեր քաղաքի հյուրերին:

Տվյալ հյուրանոցում սենյակների գները տատանվում են օրական 44-ից 104 հազար դրամի միջակայքում, կախված սենյակի որակից եւ հանգստացող անձանց քանակից:

Մ.Մ.