տուն Լուրեր Երբևէ լսե՞լ եք, որ ռուսական կողմը դատապարտի Ադրբեջանին. Ռուբեն Մեհրաբյան

Երբևէ լսե՞լ եք, որ ռուսական կողմը դատապարտի Ադրբեջանին. Ռուբեն Մեհրաբյան

101
0

Putin_Aliev1

Վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները՝ 3 խաղաղ բնակչի և 4 զինծառայողների մահը, փաստում են, որ մենք հայտնվել ենք լարվածության էսկալացիայի փուլում:   Ստեղծված իրավիճակին նման որակում Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում տվեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ռուս-ադրբեջանական այս էսկալացիան ոչ թե ռազմական ենթատեքստ ունի, այլ` քաղաքական:

«Այս իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքականությամբ: Սա նաև Հայաստանի  քաղաքականության լռության արդյունքն է: Դուք երբևէ լսե՞լ եք, որ ռուսական կողմը դատապարտի Ադրբեջանին, իհարկե` չեք լսել, չեք էլ լսի, որովհետև սա Ռուսաստանի քաղաքականության մի մասն է: Նույնը կարելի է ասել նաև ՀԱՊԿ-ի մասին: Նրանից ևս հայտարարություններ չենք լսել, չենք էլ լսելու: Սա էլ է քաղաքականություն: Ի վերջո, եկեք չմոռանանք, թե ում վաճառած զենքով է կրակում հակառակորդը»,-նկատեց Մեհրաբյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին՝ փորձագետն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է նաև քաղաքական այլ նոտաներ մտցնի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ:

«ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հասավ Մեծ Բրիտանիա և BBC-ից հայտարարեց՝ Հայաստանը նորմալ է նայում այն երևույթին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Նա ասաց, որ զենք վաճառելը Ռուսաստանի բիզնեսն է. դե հիմա կերեք ձեր բիզնեսը»:

Մեր այն հարցին, թե արդյոք այսօր ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարությունը՝ համաձայն որի՝ հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ՝ չի՞ նշանակում, որ ՀՀ-ն պատրաստվում է պատերազմի, Մեհրաբյանը պատասխանեց.

«ՊՆ և հայկական բանակն իրենց պարտականությունն են կատարում՝ պաշտպանելով  սահմանն արտաքին վտանգից: Ընդ որում, այս պարտականությունը նրանք կատարում են պատշաճ ձևով: Սրանով նրանք տեղեկացնում են իրենց ապագա գորոծողությունների մասին, որոնք լիովին համարժեք են, բայց եկեք չմոռանանք, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Այս մասով ՀՀ զինված ուժերը  կատարում են  իրենց պարտականությունները, ինչի մասին էլ հայտնում են հայ և միջազգային հանրությանը»:

Եզրափակելով՝ փորձագետը շեշտեց այն միտքը, որ Ալիևի հանցագործ ռեժիմը հովանավորվում է Պուտինի հանցագործ ռեժիմի կողմից, ուստի շարունակում է լարված պահել իրավիճակը շփման գծում: