Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանի հետ
— Պարոն Գեւորգյան, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համաձայն չէ ձեր թիմի հետ, որ 2019-ի 1-ին կիսամյակին գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ աճ՝ 25.1 տոկոս։ Նա ասում է, որ մեր հանրապետության պատմության մեջ 7 անգամ՝ 7 տարի, այդ աճը շատ ավելին է եղել, քան 25 տոկոսը: Օրինակ՝ 1995-ին բյուջետային եկամուտների աճը կազմել է 320 տոկոս, ոչ թե 25: Նաեւ ասաց, որ 25-ից 15-ն ամրագրված է բյուջեով, մնացած 10-ն էլ, կանխատեսում է, որ կանէանա։
— Շատ ցավում եմ, որ պարոն Բագրատյանն այդ թվերը ներկայացնելիս հաշվի չի առնում շատ կարեւոր հանգամանքներ։ Օրինակ՝ 95-ը համեմատել 2019-ի հետ, երբ այն ժամանակ դրամն արժեզրկվում էր անգամներով, եւ այդ տարիների ցուցանիշները պրոյեկտել 2018-2019թթ․ վրա, երբ դրամն արժեւորվել է, այդքան էլ կոռեկտ չէ։ Շատ ցավում եմ, որ պարոն Բագրատյանը համեմատություններ է անում այն տարիների հետ, երբ ցորենը, հացը եւ դեղորայքը սկսեցին հարկվել ԱԱՀ-ով, ու դրա շնորհիվ եղավ բյուջետային մուտքերի աճ, եւ դա համեմատում է 2018-ի հետ, երբ հարկային բեռի որեւէ աճ չի եղել։ Շատ ցավում եմ, որ 2018-2019թթ․ ցուցանիշները ներկայացնելիս պարոն Բագրատյանը նույնիսկ չի փորձում նկատել, որ Հայաստանի պետական պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կտրուկ նվազել է, որն այն տարիներին կտրուկ աճ էր ապրում։
— Պարոն Գեւորգյան, որքանով ես եմ տեղյակ, ՀՀ արտաքին պետական պարտքը 6-7 միլիարդով սկսեց ավելանալ 2010-ից սկսած։
— 1996-97 թվականներին նույնպես աճել է։ Անգամներով։ Այսինքն՝ մենք էլ կարող էինք տարին մի-մի միլիարդ պետական պարտքն ավելացնել եւ կարող է բյուջեի մոտ 50 տոկոս աճ ունենայինք, բայց չենք գնացել էդ քայլին։ Մի բան, որ Բագրատյանը փորձում է չնկատելու տալ։ Ես վստահ եմ, որ ինքը շատ լավ նկատել է ու շատ լավ գիտի այդ մասին, եւ իրեն պետք է, որ այդ տվյալներն այլ տեսանկյունից ներկայացվեն։
— Այսինքն, ուզում եք ասել՝ մանիպուլացնո՞ւմ է։
— Ուզում է այլ տեսանկյունից ներկայացնել։ Պարոն Բագրատյանը չի նկատում, որ 2018-ի այս ցուցանիշները ստացվել են հանքարդյունաբերության նվազման եւ վերամշակող արդյունաբերության աճի պայմաններում։ Մի խոսքով, իմ համար շատ ցավալի է, ես չեմ ուզում գնահատականներ տալ Բագրատյանի հայտարարություններին ու հաջողություններ եմ մաղթում։
— Բագրատյանին հակադարձելու համար գնացիք մինչեւ 92-93 թվականներ․․․
— Ես չեմ գնացել, ինքն է գնացել։
— Լավ, ինքը գնաց նաեւ 81-82թթ․՝ անդրադառնալով ձեր թիմի՝ մինչեւ 2050 թ․ կանխատեսումներին։ Ասաց․ պատկերացնո՞ւմ եք՝ 82 թվականին պլանավորվեր, թե 2019-ին ինչ պետք է լինի։ «Եթե մենք 31 տարի առաջ պլանավորեինք կապը, մենք պետք է մտածեինք՝ էսքան կաբել ունենայինք, եւ հիմարություն, չէ՞, արած կլինեինք, որովհետեւ էս տեխնիկան հնարավոր չէր գուշակել»,- ասաց Բագրատյանը եւ առաջարկեց, որ 5 տարվա ծրագրով կանխատեսումներ անեք։
— Հինգ տարվա կանխատեսումներն արվում են միջնաժամկետ ծախսային ծրագրերով, բյուջեի նախագծերով։ Մենք հո չե՞նք նստելու կալկուլյատորով հաշվել ենք, մենք նպատակն ենք հայտարարում։ Մենք հայտարարում ենք, որ Հայաստանը դարձնելու ենք 5 միլիոնանոց երկիր, դա նպատակ է…
Հարցազրույցի շարունակությունը՝ Hraparak.am-ում: