«Երբ քնելուց առաջ գլուխդ բարձին ես դնում, մի քիչ մտածիր քո ազգի համար»,- իր զինվորներին այսպես էր քաջալերում Զորավար Անդրանիկը,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Զորավար Անդրանիկի» թանգարանի հիմնադիր-տնօրեն Իլյիչ Բեգլարյանը: «Ներկա պահին ես չեմ տեսնում, որ ազգից որևէ մեկը այնպես մտածի, ինչպես ժամանակին Անդրանիկն էր մտածում: Եթե զորավարն այսօր այստեղ լիներ, կասեր, որ մեզ՝ հայերիս, համախմբվել է անհրաժեշտ»:
Թանգարանում այժմ կա 3000-ից ավելի նմուշներ, որոնք ոչ միայն վերաբերում են Զորավար Անդրանիկին, այլև մյուս ֆիդայիներին, հայտնեց Իլյիչ Բեգլարյանը: «Հանրապետության մեջ միակ թանգարանն է, որն անվճար է: Ես սեփականատերն եմ, և մի կերպ պահում եմ իմ թանգարանը: Թանգարանի ստեղծման նպատակն է եղել, ի սկզբանե, մեր հասարակությանը ոգեշնչել Զորավարի մասին հուշերով, աշակերտներին դաստիարակել ֆիդայական ոգով: Զարմանալի է, որ մեր գերատեսչությունները չեն բարձրաձայնում այս օրերին»:
Տարեկան 25-30 հազար այցելու ունի «Զորավար Անդրանիկ» թանգարանը, նշեց Իլյիչ Բեգլարյանը: «Ամեն տարի փետրվարի 25-ին միջոցառում ենք կազմակերպում, որին մասնակցում են ավելի քան 1000 մարդ: Իրենց մասնակցությունն են ունենում այս միջոցառմանը նաև հայ երգիչներ և այլոք: Զորավար Անդրանիկի 150-ամյակը մենք նշելու ենք մեծ շուքով»: