տուն Լուրեր Երբ իշխանությունը զբաղեցնում է մեկ քաղաքական ուժ` սա լճացում է. քաղաքագետ

Երբ իշխանությունը զբաղեցնում է մեկ քաղաքական ուժ` սա լճացում է. քաղաքագետ

109
0

Parlaiment-dahlij-1-600x319

Այսօր «Մեդիա կենտրոնը» Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը» թեմայով: Քննարկմանը մասնակից քաղաքագետ, Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ Հովհաննես Գալստյանի համար մտահոգիչ կետերը մի քանիսն են:

«Ժողովրդավարության տեսանկյունից Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ պակաս կարևոր է, քան վերջնական արդյունքը: Այս առումով Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շատ քիչ աշխատանք է տարել հանրության հետ: Հանձնաժողովի կազմը ևս տարակուսելի է, քանի որ այնտեղ ներկայացված չեն եղել քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ինչը գործընթացը դարձնում է ոչ թափանցիկ: Բացի այդ, հանրային քննարկումներ չկազմակերպվեցին Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ»,- քննարկման ընթացքում ասաց նա:

«Ինձ , որպես քաղաքագետի, առաջին հերթին մտահոգում է ընտրական գործընթացը` ընտրությունների երկրորդ փուլը, որը ժողովրդավարության համար վտանգավոր է: Ժողովրդավարական գործընթացները զարգանում են, երբ կան հակակշիռներ: Իսկ երբ իշխանությունը զբաղեցնում է մեկ քաղաքական ուժ, այս կայունությունը լճացում է»,- նկատեց նա:

Քաղաքագետը մտահոգություն հայտնեց նաև ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

«Ընտրական համակարգը պետք է դուրս հանվի Սահմանադրությունից և կարգավորվի ընտրական օրենսգրքով: Սա մեր պարագայում վտանգավոր հանգամանք կարող է լինել, որովհետև, փաստորեն, հանրաքվեից հետո ընտրական օրենսգիրքը կարող է կարգավորվել այնպես, ինչպես հանրաքվեի գնացողը պատկերացում անգամ չուներ»,- ասաց Հովհաննես Գալստյանը:

Անդրադառնալով խորհրդարանում նախորդ շաբաթ ընթացած լսումներին, քաղաքագետն ասաց, որ  տպավորությունը բավականին աղոտ էր, քանի որ ՀԿ -ներից ներկայացուցիչներ շատ չկային:

«Մտահոգիչ հարցեր այնտեղ բարձրացվեցին: Ինձ հետաքրքրում էր այդ ընտրությունների երկրորդ փուլի հարցը, պետք է խոստովանեմ` ես իմ հարցի պատասխանն այնտեղ չստացա»,- նշեց նա: