Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց մանրամասներ երկու դատական գործի վերաբերյալˋ «Հարկադիր բուժումը հոգեբուժական հաստատություններում. Ժուլետա Ամարիկյանի գործը»և «Արա Խաչատրյանի անհետացման գործով օրինապահ մարմինների գործողությունները»:
Ժուլետա Ամարիկյանին 2013 թ-ին ընտանեկան վեճի հետևանքով տեղափոխել են հոգեբուժական հաստատությունˋ նշանակելով հարկադիր բուժման:
Մեկ ամիս պահելով հոգեբուժական հաստատությունումˋ Ժուլետա Ամարիկյանին ենթարկել են խոշտանգումների, ինչպես ասում է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«Երբ մենք գործ ունենք հոգեկան խնդիրներ ունեցող անձի հետ, օրենսդրությունը չի գործում ու չի պաշտպանում այդ անձանց իրավունքները. կա խտրական վերաբերմունք: Մեր դատարանները ձևական քննություն են իրականացնում այդ դեպքերով: Առանց պատշաճ մասնագիտական եզրակացության, առանց օրենքի կետերը պաշտպանելու, ձևական գործում են: Մենք նաև օրենսդրության պակաս ունենք:Իսկ երրորդˋ ոստիկանական համակարգը ուղղակի ձևական աշխատանք է տանում պատրանք ստեղծելու համար, թե աշխատում է, բայց իրականում մարդու իրավունքները ոտնահարվում են»,-ասաց Տիգրան Հայրապետյանը այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին:
«Մեդիա կենտրոնի» ասուլիսին ներկա էին ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Ժուլետա Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը և Արա Խաչատրյանի քույրըˋ Աննա Խաչատրյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ Հայաստանում հաճախ հոգեբուժական օգնության ինստիտուտն օգտագործում են որպես պատժիչ գործիք անձնական հարաբերությունները լուծելու համար:
«Այստեղ մենք ունենք բավական լուրջ խնդիրներ թե իրավապաահ մարմինների, թե հասարակության, թե ծառայությունների կողմից: Փոփոխությունենր պետք է կատարվեն նաև քաղաքացիական օրենսգրքում, որը կվերացնի անձի նկատամամբ խարանը և այդ կանխակալ վերաբերմունքը»,-ասում է Սաքունցը:
Արա Խաչատրյանի անհետացման գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս: 2011 թվականի հունիսի 3-ին նա կարճ ժամանակով դուրս է եկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի իր բնակարանից և այնուհետև չի վերադարձել: Արա Խաչատրյանին վերջինը տեսել են նրա ընկեր Գարիկ Գրիգորյանը և Արսեն Մկրտչյանը: Դեպքի առթիվ 2011 թվականի հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 41107711 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներով: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս, սակայն:
Անհայտ կորած Արա Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված գործողություններն այդպես էլ որևէ դրական արդյունք չեն տվել: Նախաքննության ընթացքում փոխվել են 6 քննիչներ, սակայն այդպես էլ հանցագործությունը չի բացահայտվել: Արա Խաչատրյանը չի հայտնաբերվել, իսկ հարուցված քրեական գործով որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ:
2011-ին անհետացած Արա Խաչատրյանի քույրը` Աննա Խաչատրյանն ասում է, որ իր գրած բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան, «ինչը վկայում է այն մասին, որ Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանի միջամտությունը եղել է և առ այսօր կա»:
«Կապանի ոստիկանությունը շատ պասիվ էր, բաժնի պետը գալիս էր մեր տուն, ասում էր այստեղ գործ չի արվում, բողոքեք Երևան: Փաստերը խոսում են կոնկրետ անձանց մասին, ովքեր վերջին անգամ եղել են եղբորս հետ, բայց նրանց նույնիսկ, որպես կասկածյալ, չեն ներառել գործում: Մենք հանդիել ենք ՀՀ նախագահի, ՀՀ գլխավոր դատախազի, գլխավոր ոստիկանապետի հետ, բայց բոլոր դռները փակվում են մեր առջև»,-ասում է Աննա Խաչատրյանը:
Արթուր Սաքունցը հավելում է, որ Արա Խաչատրյանի գործի հետ կապված իրավապահ մարմինների կողմից գործողությունների հրատապաությունը և արդյունավետությունը ի սկզբանե կասկածի տակ է դրված:
«Երբ Արա Խաչատրյանի մայրը բողոքել է, Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը ասել է «առ քեզ այսքան գումար, գնա քեզ համար ապրի, մի բողոքի»: Իսկ այն ոստիկանը, որ Աննա Խաչատրյանին ասել է, թե շուտով կգտնենք եղբորդ, հաջորդ օրը ազատվել է աշխատանքից: Իսկ Արա Խաչատրյանի հետ վերջին անգամ եղած ընկերների մասով որևէ քննություն չի իրականացվել»,-ասաց Սաքունցը
Իրավապաշտպանը հավելեցց նաև, որ անձը ՀՀ-ում պաշտպանված չէ և և նման դեպք կարող է ցանկացածի հետ կատարվել:
«Երաշխիքներ չունես, որ քո պաշտպանվածությունը ապահովված լինի»,-ընդգծեց Սաքունցը: