ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին.
«Պարո´ն Սահակյան, Դուք նիստը բացելուց շնորհակալություն հայտնեցիք Բոլիվիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, սակայն, միևնույն ժամանակ, հայտնեցինք, որ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չի տվել իմ օրինագծին՝ դատապարտելու Օսմանյան կայսրությունում մի շարք ժողովուրդների հանդեպ իրականացված ոճրագործությունները: Ի վերջո, անկախ Հայաստանի ԱԺ-ն ե՞րբ պետք է ճանաչի այլ ազգերի ցեղասպանությունը, եթե մենք որպես պետություն դա չենք անում, ինչպե՞ս ենք պահանջում այլ ազգերից»:
Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց.
«Մեզնից որևէ մեկը լիազորություն չունի գնահատական տալու հանձնաժողովի աշխատանքներին: Իրենք դեմ են եղել օրինագիծն այս պահին ներկայացնելու, ոչ թե Ցեղասպանության ճանաչմանն ընդհանրապես: Ես, երբ ասում եմ Հայոց Ցեղասպանություն, ապա դրա մեջ ներառված են բոլոր ազգերը»:
Նշենք, որ նիստի սկզբում Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը դրական չի արձագանքնել Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ այլ ազգերի ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: