Ամեն տարի ամռան ամիսներին հայաստանյան մրգի ու բանջարեղենի շուկայում տիրող եռուզեռից կարելի էր ենթադրել, թե ինչպես են տանտիկինները նախապատրասվում ձմռանը: Սակայն, այս տարի, գյուղմթերքի թանկացման պատճառով, եփող-թափող տանտիկիններից շատերի տարաները դատարկ են մնացել: Համենայնդեպս, դա են վկայում Araratnews.am-ի անցկացրած հարցումները:
Տանտիրուհի Մարինե Հայրապետյանը թանկացումների պատճառով հասցրել է միայն մի քանի տարա բանջարեղեն պահածոյացնել. «Եթե ամեն տարի ամեն ինչից բոլ-բոլ պատրաստում էի, այս տարի ամեն մեկից մի քանի հատ եմ պահածոյացրել»,-ասաց հարցման մասնակիցը՝ հավելելով, որ մի քանի տեսակի բանջարեղեն պահածոյացնելու համար ծախսել է 60 հազար դրամ:
Տիկին Հասմիկը, ով մասնագիտությամբ հաշվապահ է, ասաց, որ այս տարի հույսը դրել է գյուղում ապրող հարազատների օգնության վրա: «Մի քանի բանկա կարմիր բիբար եմ փակել, մի քիչ աջիկա, բադրիջանի խավիար, մի խոսքով, ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ: Կարևորը երեխեքս իրանց լավ զգան»:
Տիկին Սուսաննան էլ չի սպասել, թե երբ է ամուսինը Ռուսաստանից գումար ուղարկելու, հարևանուհուց պարտք է վերցրել ու կատարել անհրաժեշտ գնումները՝ հետագա թանկացումներից խուսափելու համար. «Բա ի՞նչ անեի, մինչև ամուսինս գումարն ուղարկեր՝ ապրանքների գները աստղաբաշխական թվերի կհասնեին»,-ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ անհրաժեշտ գնումները կատարելու համար հարևանուհուց 80 հազար դրամ է վերցրել, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել է ՝ պարտք մնալով 30 հազար դրամ:
Իսկ ահա երեք երեխաների մայր Լիաննա Կարայանն այս տարի մրգի ու բանջարեղենի բարձր գնի պատճառով ընդհանրապես հրաժարվել է պահածոյացման գործընթացից: «Անցած տարվանից պահածոներ ունեմ պահած, եղածով «յոլա» կգնանք, թե չէ որ 500 պեսոկին տանք, երկու էդքան էլ մթերքին՝ ուր կհասնենք: էս տարի էլ թող սենց լինի, ինչ արած»:
Պերճուհի Գևորգյան