Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ-ի ռեկտորական ընտրություններ, որի ժամանակ վերընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: Ռեկտորի ընտրությունների միակ թեկնածուն Արամ Սիմոնյանն էր, որը և ընտրվել էր միաձայն. «Սա պարտավորեցնող հանգամանք է ինձ համար: Ամեն անգամ ընտրությունը անկանխատեսելի է, և չես իմանա, ինչպիսի ավարտ կունենա: Ինձ համար մեծ պատիվ է ևս 5 տարի այս պաշտոնում մնալը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Սիմոնյանը:
ԵՊՀ-ի ռեկտորը հայտնեց, որ ԵՊՀ-ի այս տարվա ռազմավարության ծրագիրն ավարտվել է, և այս տարի վերընտրվելով նոր, ավելի ծավալուն ռազմավարության ծրագրի վրա են աշխատելու: «Պետհամալսարանը ունի մի քանի շահած գրանտներ՝ գիտական ոլորտում նորամուծություններ կատարելու համար:
Իր մասին թյուր տեղեկատվություն տարածելուն անդրադառնալով՝ ԵՊՀ ռեկտորը հայտնեց, որ սուտ են բոլորը: ԵՊՀ ռեկտորը բնակվում է իր հորից ժառանգած տանը, որը չափերով փոքր է, վարում է «կոզլիկ» ու սիրում է զբաղվել ձկնորսությամբ: ԶԼՄ-ներում հայտնված իբրև թե մի քանի առանձնատների մասին ռեկտորը մանրամասնեց, որ ունի ընդամենը մի տնակ Դիլիջան քաղաքում, որտեղ և անցկացնում է իր բոլոր ամառային արձակուրդները: «Ես մինչև ռեկտոր դառնալս ավելի շատ անշարժ գույք ունեի, քան հիմա: Կներեք, բայց ԵՊՀ ռեկտորը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը հո բոմժի նման սառնարանի «կառոբկայի» մեջ չպիտի՞ ապրի: Ինչ վերաբերվում է աղջկաս, ապա նա ունի երկու սենյականոց բնակարան և քշում է 8 տարվա «Նիսսան», ուրիշ ոչինչ»:
Արևիկ Նահապետյան