2014 թվականի տվյալներով ԱՄՆ բանտերից միայն ԴՆԹ-ի թեստի շնորհիվ ցմահ բանտարկության դատապարտված 328 մարդ է ազատ արձակվել: Միջազգային այս փորձը ստիպել է հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանին ուսումնասիրել հայկական դատական համակարգի վիճակը և տեսնել, թե արդյոք բոլոր ցմահ դատապարտություններն արդարացված են:
«Որպես լրագրող՝ ես բազմիցս նամակներ եմ ստացել դատավճիռների անճշտությունների մասին, որոնցում մասնավորապես նշվում էր, որ պատիժը չափազանցված է: Ինձ այս գործով ստիպեց զբաղվել նաև Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի փախուստը և նրանց կոչը լրագրողներին՝ ուշադիր զննել իրենց դատական գործերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զարուհի Մեջլումյանը:
Անդրադառնալով Ենոքյանի և Քոչարյանի գործերին՝ բանախոսը նկատեց, որ գործերում մի շարք անճշտություններ են նկատվել, միևնույն վկան մի քանի անգամ տարբեր ցուցմունքներ է տվել, բացի այդ՝ վերը նշված գործերում չկան հոգեբուժական և գենետիկական փորձաքննության եզրակացություններ:
«Բոլոր գործերի վերջում միևնույն եզրակացությունն է հանդիպում՝ վերացնել իրեղեն ապացույցները, մինչդեռ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, որովհետև տարիներ անց կարող են նոր ապացույցներ հայտնվել, որոնք ԴՆԹ թեստից հետո կարող են ապացուցել դատապարտվածների անմեղությունը»,- նկատեց բանախոսը:
Վերջինս, հղում անելով, միջազգային փորձին, նկատեց, որ նման դեպքերում, երբ պետությունը չի պահպանել դատապարտյալի գործով իրեղեն ապացույցները և նոր իրեղեն ապացույցներ են ի հայտ եկել, ապա դատարանը որոշում է կայացնում ազատ արձակել բանտարկյալին, եւ նշանակվում է նոր դատաքննություն:
Մեջլումյանն ընդգծեց՝ ներկայումս ՀՀ-ում երեք դատապարտյաների գործով, որոնք են Արթուր Մկրտչյանը, Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը, ի հայտ են եկել նոր ապացույցներ, մինչդեռ նրանք շարունակում են մնալ բանտում:
Վարդուհի Ստեփանյան