Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների հարցերով հանձնաժողովի անդամները ԵՄ-ին կոչ են արել ստուգել հաղորդագրությունները այն մասին, որ թուրք սահմանապահները իբրեւ կրակ են բացել սիրիացիների վրա, որոնք փորձում էին Սիրիայից Թուրքիա փախնել, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Սիրիական ընդդիմադիրների ու հեղափոխական ուժերի ներկայացուցիչները ավելի վաղ իրենց կայքում հայտնել էին, որ թուրք սահմանապահները կրակել ու սպանել են 11 սիրիացիների, որոնք փորձել են Թուրքիայի տարածք մտնել՝ փախնելով Սիրիայի Իդլիբ նահանգում մարտական գործողություններից: Թուրք զինվորականները այդ տեղեկությունները հերքել էին:
Հանձնաժողովի անդամների մեծ մասը ծայրաստիճան մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանից ստացվող հաղորդագրությունների կապակցությամբ: Նրանց խոսքով, եթե այդ հաղորդագրությունները հաստատվեն, պետք է որոշակի միջոցառումներ հաջորդեն ԵՄ-ի կողմից:
Եվրապատգամավորները նաեւ Եվրահանձնաժողովին կոչ են արել գնահատել, արդյոք կարելի է նման հանգամանքներում շարունակել այս տարվա մարտին ԵՄ ու Թուրքիայի միջեւ կնքված միգրացիոն համաձայնագրի կատարումը:
ԵՄ անդամ երկրների նախագահներն ու վարչապետները մարտի 18-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիր, պայմանավորվածությունները սկսել են կատարվել մարտի 20-ից: Դրանք ենթադրում են մասնավորապես Թուրքիա վերադարձնել բոլոր անլեգալներին, որոնք Հունաստան են ժամանում Թուրքիայի տարածքից, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին պետք է ընդունի Թուրքիայից օրինական միգրանտ սիրիացիներին «մեկը մեկի դիմաց» սկզբունքով: Ինչպես մայիսին հայտնել է եվրոպական Frontex գործակալությունը, ապրիլին հունական կղզիներ ժամանող միգրանտների թիվը կրճատվել է 90 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: