Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհի որդու և շիա ապստամբների առաջնորդ Աբդ ալ Մալեք ալ Հոուսիի համար:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին նշվել է Եվրամիության պաշտոնական կայքում: Հայտարարության մեջ ասվում է, որ Եմենի նկատմամբ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է երկու քաղաքացիներով, որոնց հաշիվները սառեցվել են:
Նման որոշում ընդունվել է այն պատճառով, որ, ըստ ԵՄ-ի, նրանց գործողություններն ուղղված են Եմենի խաղաղության և կայունության դեմ:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացրել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո սկսել է ռազմական գործողությունների մյուս փուլը՝ «Հույսի վերականգնում» անվանումով: