Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Թուրքիայի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ սահմանել՝ Շենգեն գոտի մուտք գործելու համար, սակայն վերջնական որոշումը կայացնելու համար Թուրքիան պետք է կատարի որոշ պահանջներ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելը հանդիսանում է կողմերի միջև պայմանավորվածությունների մասը, որոնք վերաբերում են Թուրքիայի կողմից Եվրոպայում հայտնված փախստականների ընդունմանը և, բնականաբար, փախստականների հոսքի դադարեցմանը:
Խնդիրն այն է, որ Եվրամիությունը ազատ վիզային ռեժիմ է սահմանում ժողովրդավարական երկրների համար, սակայն Թուրքիան չի բավարարում ժողովրդավարության բոլոր պահանջները` մասնավորապես քաղաքական կուսակցությունների մրցակցության, խոսքի ազատության և տարբեր փոքրամասնությունների քաղաքական իրավունքների պաշտպանության առումով:
Ըստ այդմ` Անկարան պետք է կարճ ժամանակում կատարի 72 պահանջ, ինչից հետո ԵՄ-ն պատրաստ է Թուրքիային ազատ վիզային ռեժիմ տրամադրել: