Եվրամիությունը ԿԺԴՀ-ից պահանջում է հրաժարվել հետագա միջոկային փորձարկումներից ու վերադառնալ միջազգային պարտավորությունների կատարմանը: Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 58-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իտալիայի ԱԳ փոխանախարար Բենեդետո դելա Վեդովան:
«ԵՄ-ն դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից իրականացվող միջուկային փորձարկումներն ու դրանք շարունակելու մասին հայտարարությունները, և պահանջում է զերծ մնալ հետագա սադրանքներից», — նշել է եվրոպացի դիվանագետը: Նրա խոսքերով՝ «Պհենյանը ոտնահարում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը, միջազգային պարտավորություններն ու ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումները»:
Հիշեցնենք, որ այս ամիս ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ընդգծել էր, որ ԿԺԴՀ-ի իշխանությունների գործողությունները խոր ափսոսանք են առաջացնում: Նա հավելել էր, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ միջազգային հանրության անհանգստության հիմնական պատճառներից մեկը: