ԵՄ-ի ավիաանվտանգության ապահովման մասնագետները հինգշաբթի` մարտի 31-ի հանդիպմանը պայմանավորվել են վերանայել այն միջոցները, որոնք կիրառվում են օդանավակայանների հանրային գոտիներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տրանսպորտի հարցերով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Յակուբ Ադամովիչին: Նման քայլը կապված է բրյուսելյան օդանավակայանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ:
Ադամովիչի խոսքով, Ամստերդամում քաղաքացիական ավիացիայի անվտանգության հարցերով ԵՄ-ի փորձագետների հանդիպմանը քննարկվել են այն միջոցները, որոնք ի վիճակի են նպաստել բելգիական ահաբեկչական գործողությունների նման ողբերգությունների կանխարգելմանը: Մասնագետները հայտնել են անվտանգության հարցում փորձի եւ լավագույն տեխնիկայի փոխանակման անհրաժեշտության մասին, ճշտել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Ադամովիչի կարծիքով, անհրաժեշտ է աշխատանք տանել չորս ուղղությամբ` անվտանգության միջոցների վերանայում, ահաբեկչական գործողությունների կանխարգելման նպատակով հետախուզական տվյալների փոխանակում, օդանավակայանի ընդհանուր հասանելիության գոտիների պաշտպանության պրակտիկային ավելի համակարգային մոտեցում եւ յուրաքանչյուր կոնկրետ օդանավակայանի համար սպառանալիքների ավելի մանրակրկիտ գնահատական, ընդգծել է Յակուբ Ադամովիչը: