Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին. ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից խոսնակի տարածած հայտարարությունում:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում չընտրվեց նոր վարչապետ:
Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի ևս մեկ նիստ` նոր վարչապետի ընտրության նպատակով:
Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին:
Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք, ինչպես և վերջին օրերի ընթացքում, խուսափեն առճակատումից և դրսևորեն զսպվածություն և պատասխանատվություն:
Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ՝ Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ: