Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը (EPDE) դատապարտել է Երևանի՝ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մոնիթորինգ իրականացնելու համար միջազգային քաղաքացիական դիտորդներ հրավիրելու մերժումը. գրում է Deutche Welle-ն:
EPDE-ի հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները մերժման հիմք են ներկայացրել այն հանգամանքը, թե, իբր, լրացել է հավատարմագրված դիտորդների թիվը, և, հետևաբար, օտարերկրյա հավելյալ դիտորդների անհրաժեշտություն չկա:
«Թե՛ այս մերժումը, թե՛ դրա հիմնավորումը հակասում են Հայաստանի` որպես ԵԱՀԿ-ի անդամի պարտավորություններին»,- գրել են փաստաթղթի հեղինակները:
Այս առնչությամբ EPDE-ն կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրոպական հանձնաժողովին և Եվրախորհրդին նկատի ունենալ Երևանի՝ ընտրություններում միջազգային քաղաքացիական դիտորդներին հավատարմագրելու մերժումը:
Նշվում է, որ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակին աջակցում են Եվրամիությունն ու Գերմանիայի ԱԳ նախարարությունը: