տուն Լուրեր «Ելքը» դեռ քաղաքական քննությունը չի հանձնել. Զարուհի Փոստանջյան

«Ելքը» դեռ քաղաքական քննությունը չի հանձնել. Զարուհի Փոստանջյան

115
0

Zaruhi

Մտադիր ենք հաղթել եւ գրավել քաղաքապետարանը. այս մասին «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում հայտարարեց «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ եւ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:

Փոստանջյանը  միաժամանակ հավելեց՝ պատրաստվում են փոխել Հայաստանում տիրող քաղաքական մթնոլորտը:

51 հոգուց բաղկացած կուսակցության ցուցակում ընդգրկված են անձինք հանրության գրեթե բոլոր շերտերից, որոնք, ըստ Փոստանջյանի, իրենց բնագավառներում կայացած են:

«Նրանք իրոք քաղաքային մշակույթի կրողներ են եւ փոխելու են ամբողջ քաղաքական եւ քաղաքային մշակույթը»,- ասաց Փոստանջյանը:

Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են նաեւ Հանրապետական կուսակցությունն ու ընդդիմադիր «Ելք» դաշինքը:

Դիտարկմանը, թե ինչու ընդդիմությունը ընտրություններին միասնաբար մասնակցելու հայտ չներկայացրեց, Փոստանջյանը հակադարձեց. «Ես դեմ եմ այդ տեսակետներին, որ եթե ընդդիմություն են, ուրեմն պետք է միավորվեն, պետք է միավորվեն քաղաքական գաղափարները, ծրագրերն ու սկզբունքները: Միանշանակ այդպես պետք է լինի, իսկ եթե տարբեր են, ապա այդ միավորումները չեն ունենա հաջողություններ»:

«Ազատության» հարցին, թե, ի վերջո, ինչու չհամաձայնեց գլխավորել «Ելք» դաշինքի ցուցակը, Փոստանջյանը նշեց. «Նախ՝ մենք դեռ չգիտենք, թե ինչ է  իրենից ներկայացնում «Ելքը»: «Ելքը» դեռ քաղաքական քննությունը չի հանձնել, այսինքն՝ մի խումբ ղեկավարելը, ում որպես քաղաքական միավոր դեռ չես փորձարկել, կոպիտ սխալ կլիներ: Բացի դա, պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները. մենք պաշտոնական զրույց չենք ունեցել, եւ ինքն իրավասու չէր այդ մասին հայտարարել: Նույնիսկ ինքը «Ելքի» լիդերը չէ, որովհետեւ «Ելքը» դեռ ուղղակի միավորում է»: