Ելք դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նշեց, որ իրենց ծրագիրը հենված է երեք հիմնասյուների վրա` հաշվետվողականություն, արդյունավետ կառավարում եւ համաչափ զարգացում. «Յուրաքանչյուր կետի տակ ունենք ենթակետեր` տրանսպորտ՝ այս ոլորտը Տարոն Մարգարյանի թիմը հիմնովին տապալել է, կրթական համակարգ` հատկապես տնօրենների հայտնի սկանդալից հետո նրանք որակյալ կրթություն չեն կարող ապահովել։ Մենք բոլոր կետերի հետ կապված լուծումներ ունենք։ Մեր ծրագրում չկա պոպուլիզմ, հստակ հաշվարկների հիման վրա է այն։ Իրատեսական, չափելի ծրագիր ունենք։ Տարոն Մարգարյանն իր թիմով 70 տոկոսով իրենց ծրագիրը չի իրականացրել, արել են ձեւական փոփոխություններ»։
Իսկ Ելք դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն իր հերթին ավելացրեց` ՀՀ սիրտը Երեւանն է, դրա համար ամենայն պատասխանատվությամբ են գնում ընտրության. «Կոչ եմ անում բոլորին, հատկապես միջին խավին, անպայման գնալ ընտրության. սրանք քաղաքական ընտրություններ են։ Երեւանը պետք է դարձնել հասանելի ու մատչելի քաղաք»։
Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Ստելլա Աղաջանյանի այն հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանի` ավագանու ընտրությունների մասնակցության նպատակը ՀՀԿ սատարելն է, Արայիկ Հարությունյանը նկատեց. «Նման ձեւակերպումը քաղաքագիտական որեւէ քննադատության չի ենթարկվում. սա նոու հաու է։ Մենք միշտ այլընտրանք ենք եղել գործող ռեժիմին` ԱԺ ընտրությունները դա ցույց տվեցին։ Ցուցակում ներառված թեկնածուների կենսագրությունները եւս դա են ցույց տալիս»:
«Անհիմն եմ համարում նման մեղադրանքը. Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտի կարեւոր դերակատարներից է, ու տարիներ շարունակ բարձրաձայնել է տարբեր խնդիրների մասին ու հետամուտ եղել դրանց լուծմանը։ Եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, ապա Տարոն Մարգարյանն էլ է պատգամավոր։ Նիկոլ Փաշինյանը լավագույն հակակշիռը կարող է լինել եւ դառնալ լավագույն քաղաքապետերից մեկը։ Մեր առանձնահատկությունը մեր թիմն է ամբողջական, որը բաղկացած է մասնագետներից, որոնք հասել են տարբեր հաջողությունների։ Հստակ ու պատկառելի թիմով ենք հանդես գալիս եւ ցույց ենք տալու, թե ինչպես պետք է կառավարել քաղաքը»,-ընդգծեց Մանե Թանդիլյանը։
Շարունակությունը՝ a1plus.am-ում