տուն Լուրեր «Ելք» դաշինքն իր առաքելությունն իրականացրել ու ավարտել է

«Ելք» դաշինքն իր առաքելությունն իրականացրել ու ավարտել է

88
0

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին, նշեց. «Երկրում, կարելի է ասել՝ զրոյական վիճակ է, և մենք սկսում ենք սպիտակ թղթից: Վերցրել ենք սպիտակ թուղթ, այն, ինչ որ կար, մնացել է անցյալում, և բոլորս շարժվում ենք առաջ՝ մեր տեսլականը, մեր ծրագրերը հանրությանը ներկայացնելու և ՀՀ քաղաքացիների վստահությունը ստանալու, ապագայում էլ մեր չափաբաժին վստահությամբ մասնակցելու ՀՀ պետականաշինության գործին»:

Մարուքյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով. «Ցուցակում ընդգրկված կլինեն նաև տարբեր քաղաքացիական խմբերից, տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն հանրապետության 13 ընտրական տարածքներում, ինչպես նաև համամասնական ցուցակի մեջ կլինեն»:

Մարուքյանը նշեց, որ մասնակցության ֆորմատի մասին քննարկումները երկար են եղել. «Որոշում ենք կայացրել, որ առանձին մասնակցենք, և  հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ «Հանրապետություն» կուսակցությանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ մեր անցած ճանապարհի համար»:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ «Ելք» դաշինքն իր առաքելությունն իրականացրել ավարտել է, և իրենք շարժվում են առաջ. «Մեր համագործակցության հնարավորությունները «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ սպառված չեն և ապագայում նման հնարավորությունների դեպքերում ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն ՀՀ քաղաքացիների նման համագործակցություններ հնարավոր են»: