Կահիրեն կոչ է անում ստեղծել արաբական միասնական զինուժ, որն ի վիճակի կլինի դիմակայել մարտահրավերներին։ Նման հայտարարություն է արել Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսին։ Հաղորդում է TASS գործակալությունը։
«Անհրաժեշտ է ստեղծել միջարաբական զինված ուժեր՝ գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար», — ասել է նա՝ նշելով, որ Եգիպտոսի կողմից Լիբիայի տարածքի ռմբակոծությունը տեղի է ունեցել ի պատասխան իր 21 քաղաքացիների սպանության։ Ըստ Սիսիի՝ իսլամիստների բոլոր դիրքերը նախօրոք ճշտվել էին, որպեսզի վնաս չհասցվի խաղաղ բնակչությանը։
Եգիպտոսի նախագահի խոսքերով՝ Եգիպտոսը ոչ մեկին չի գրոհում կամ մտադիր չէ գրավել տարածքներ, պարզապես պաշտպանում է իր ժողովրդին, սահմաններն ու պետությունը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Իսլամական պետության» գրոհայինները գլխատել էին եգիպտացի 21 քրիստոնյայի։